News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում դպրոցները պետք է հայերեն ուսուցմամբ լինեն, եւ դրանցում պետք է պարտադիր դասավանդվեն ռուսերեն եւ անգլերեն, բայց որպես երկրորդ լեզու, այլ ոչ հիմնական: Հայաստանի դպրոցներում հիմնական լեզուն, անկասկած, պետք է մայրենի լեզուն լինի: Այս մասին հոկտեմբերի 2-ին Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովի (The XI International Conference on Armenian Linguistics, ICAL) շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի դասախոս, պատմահամեմատական լեզվաբանության ամբիոնի դոցենտ Վարդան Ղազարյանը:

Ի պատասխան լրագրողների այն հարցին, որ Հայաստանում քննարկվում է ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու հարցը, Վարդան Ղազարյանը նշեց, որ ռուսերենը Հայաստանի համար շատ կարեւոր է համարում եւ ողջունում է հայկական դպրոցներում լեզվի դասավանդումը, եւ կցանկանար, որ այդպես էլ շարունակվեր: Նա հիշեցրեց, որ պատմականորեն այնպես է ստացվել, որ խորհրդային տարիներին ամբողջ գիտական գրականությունը ռուսերենով էր, եւ առանց ռուսերենի իմացության գիտությամբ զբաղվելն անհնար էր:

Սակայն գիտնականը հավելեց՝ որպեսզի որեւէ լեզու երկրում հատուկ կարգավիճակ ունենա, անհրաժեշտ է, որ երկրում բնակվի այդ լեզվի կրողների մեծաթիվ համայնք: «Հայաստանում, որքանով ինձ հայտնի է, ռուս ազգի ներկայացուցիչներն այնքան մեծաթիվ չեն, որպեսզի ռուսերենին հատուկ կարգավիճակ տրվի»,- ասաց Վարդան Ղազարյանը:

Գիտնականը նշեց, որ կարգավիճակի հարցը քաղաքական հարց է, իսկ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց որպես գիտնական կարծում է, որ յուրաքանչյուր հայ, մայրենի լեզվից բացի, պետք է շատ լավ իմանա նաեւ ե՛ւ ռուսերեն, ե՛ւ անգլերեն: «Ժամանակակից մարդը չի կարող առանց անգլերենի, հատկապես եթե գիտնական է, սակայն Հայաստանի համար ռուսերենն էլ է շատ կարեւոր: Հայաստանը եւ Ռուսաստանը սերտ կապեր ունեն, եւ ցանկացած հայ իրեն դրսեւորելու համար պետք է նաեւ ռուսերեն իմանա»,- շեշտեց նա:

ՌԴ Լեզվագիտության ինստիտուտի աշխատակից Յուրի Կորյակինը, որն ուսումնասիրում է Կրասնոդարի երկրամասի բնակիչների հայերեն բարբառները, նույն հարցին պատասխանելիս նշեց, որ լավ չի պատկերացնում տեղի իրավիճակը՝ կապված ռուսերենի կարգավիճակի հետ, սակայն ցանկացած դեպքոմ կարծում է, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա ոչ ի վնաս հայերենի: «Եթե ռուսերենը Հայաստանում լինի որպես միջազգային լեզուներից մեկը, ապա միանգամայն հնարավոր է, որ սա արդարացված է: Սակայն գլխավորն այն է, որ հարենը չտուժի, եւ նրա կարգավիճակը չնվազեցվի»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ