News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայոց լեզուն տիպաբանության առումով շատ է հետաքրքրում աշխարհի տարբեր լեզվաբաններին։ Տիպաբանությամբ եւ պատմահամեմատական լեզվաբանությամբ զբաղվող մասնագետներն անպայման ուսումնասիրում են հայերենը։ Այս մասին Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ  NEWS.am-ին ասել է Մոսկվայի պետական համալսարանի պատմահամեմատական լեզվաբանության ամբիոնի դոցենտ Վարդան Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված հայերենի նկատմամբ աշխարհի տարբեր համալսարաններում հետաքրքրությունը։ Մասնավորապես, ՄՊՀ-ին կից ասիական եւ աֆրիկյան լեզուների ուսումնասիրության ինստիտուտում բացվել է ժամանակակից հայոց լեզվի բաժին, որտեղ Վարդան Ղազարյանը նույնպես դասավանդում է։

Նա նշեց, որ հնդեվրոպական լեզվագիտության մեջ հայերենը մեծ տեղ ունի, եւ առանց դրա իմացության՝ անհնար է լուրջ գիտական հետազոտություններ անցկացնել։

«Հնդեվրոպագիտության մեջ, առանց հայերենի իմացության, անհնար է ինչ-որ բան հետազոտել։ Ով դրանով զբաղվում է, պետք է այս կամ այն կերպ ծանոթ լինի հայերենին։ Այդ պատճառով հայոց լեզուն գրավում է հետազոտողների ուշադրությունը։ Բացի այդ, շատ երկրներում կա հայկական սփյուռք, եւ հայ համայնքի ներկայացուցիչները նույնպես իրենց ավանդն են ներդնում հայագիտության զարգացման գործում»,- ասաց նա։

Խոսելով Երեւանում ընթացող Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովից՝ նա նշեց, որ այն բազմակողմ է, ներկայացված են ժամանակակից լեզվաբանության, պատմահամեմատական լեզվաբանության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի պատմության տարբեր զեկույցներ։

Գիտնականը հիշեցրեց, որ գիտաժողովը ավանդաբար 4 տարին մեկ անգամ կազմակերպվում է տարբեր երկրներում։ Այն մի քանի անգամ ընթացել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Արցախում։ 11-րդ գիտաժոովը նվիրված է գիտաժողովների շարքի հիմնադիր, ամերիկացի հայագետ, ուրարտագետ, դասական լեզուների մասնագետ Ջոն Գրեպինին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ