News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե մտացածին են իր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հակասության մասին տեղեկությունները, որ հրապարակվում են մամուլում: Նա ասել է, որ խոսքի ազատությունը հարգում է, սակայն մտադիր չէ մեկնաբանել ֆանտազիաները: Ֆանտազիա՞ է արդյոք պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի միջև հակասությունը: Մի բանում, իհարկե, Վիգեն Սարգսյանն իրավացի է, որ այդօրինակ հակասությունների մասին տեղեկությունները որևէ օգուտ չեն բերում բանակին, և հաշվի առնելով այն, որ վերաբերում են այդ նուրբ ոլորտին, նույնիսկ վտանգավոր են:

Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն տեղեկությունները չեն, որովհետև դրանք կարող են և չհրապարակվել, սակայն առանցքայինն այն է՝ կա՞ հակասություն, թե՞ ոչ, որովհետև եթե այն կա, ապա տեղեկատվական լռությունը, մեծ հաշվով, չի նվազեցնելու վտանգը: Դրան զուգահեռ՝ հիշարժան է այն, որ դեռևս նախորդ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի միջև հակասության մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում էին մամուլում, ու թեև դրանք հերքվում էին նույն կերպ, այդուհանդերձ ոչ պաշտոնական, կոնֆիդենցիալ մակարդակում ԶՈւ-ին և ՊՆ-ին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ միանգամայն հավաստի ընդունում էին այդ դիմակայության առկայությունը: Ամենևին բացառել պետք չէ, որ ապրիլյան պատերազմում ի հայտ եկած խնդիրներն ու նաև աղաղակող բացթողումները նաև այդ դիմակայության կամ հակասության հետևանք էին: Ի վերջո, այդ կապակցությամբ էլ հրապարակվեցին իրարամերժ տեղեկություններ, մասնավորապես նաև Յուրի Խաչատուրովի հայտնի «բիլիարդային» հակումների մասով:

Ի վերջո, խորհրդանշական էր նաև, որ Սերժ Սարգսյանը մեկ զարկով լուծեց «գորդյան հանգույցը»՝ բանակը, ԶՈւ-ն ազատելով թե՛ Սեյրան Օհանյանից, թե՛ Յուրի Խաչատուրովից: Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ հակասությունների և դրանից բխած անարդյունավետության պարագան Սարգսյանը առիթ դարձրեց նաև իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Սակայն, բոլոր դեպքերում, ակնհայտ էր, որ Օհանյան-Խաչատուրով զույգի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս իսկապես պահանջում էր կտրուկ հանգուցալուծում: Մյուս կողմից, սակայն, խնդիրը շատ ավելի խորն է, և անձերի մակարդակում լուծումները չեն կարող լինել հուսալի, եթե անգամ ներկայումս Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը չունեն որևէ հակադրություն:

Ի վերջո, բանակի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող անմասն մնալ այն խմորումներին ու վերադասավորումներին, որ ներկայումս տեղի են ունենում իշխանության ամբողջ համակարգում: Հայաստանում փոխադարձ սերտաճածությունն այնքան մեծ է և խորը՝ թե՛ անձնական, թե՛ նույնիսկ բիզնես մակարդակում, որ այլ հարթություններում առկա շահերի բախումը պարզապես կարող է տարածվել նաև ԶՈւ-ի, պաշտպանական ոլորտի վրա: Ըստ այդմ՝ այս դեպքում անձերի մակարդակում լուծումները չեն կարող ունենալ մեծ ու երկարաժամկետ էֆեկտիվություն: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի պարագայում ներիշխանական, ներհամակարգային խմորումները ոչ միայն չունեն մոտալուտ ավարտ, այլ թերևս նոր-նոր թևակոխում են «որակապես» նոր, ավելի՝ այսպես ասած, դանդաղ, համառ և հետևողական պայքարի փուլ, պաշտպանական ոլորտը այդ իմաստով հայտնվում է դրա ազդեցության տակ ընկնելու առավել մեծ ռիսկի գոտում: Այդ ռիսկն ապահովագրելու առավել արդյունավետ տարբերակը կառուցվածքային, համակարգային լուծումն է, իրավիճակը անձերի կախվածությունից հնարավորինս դուրս բերելը: Այսպես ասած, շահերի բախումը հնարավորինս նվազեցնելը, այն իմաստով, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետն, ըստ էության, կիսելու հնարավորինս քիչ բան ունենան, առավել ևս կիսելու քիչ իշխանություն:

«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր Զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ», դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Վիգեն Սարգսյանին ներկայացնելով ՊՆ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ գործնականում ակնարկելով, որ նախարար-ԶՈւ գլխավոր շտաբի պետ դիլեմային փորձել են լուծում տալ սահմանադրական մակարդակով:

Որքանո՞վ է էֆեկտիվ լինելու այդ մակարդակի լուծումը, որքանո՞վ է լինելու ԶՈւ-ում այդօրինակ վտանգավոր հակադրություն թույլ չտալու բավարար երաշխիք՝ դեռևս, իհարկե, բավականին բարդ է ասել և վաղ: Առավել ևս, որ ներկայումս օրակարգում է հայտնվել անվտանգության և պաշտպանության հարցերում իշխանության լիազորությունների վերաբաշխման գործընթաց, օրենսդրական նախաձեռնության տեսքով: Այն, իհարկե, ավելի շատ միտված է վարչապետի լիազորությունն այդ հարցում սահմանափակելուն, սակայն բուն խնդիրն այստեղ այն է, որ անվտանգության և պաշտպանության հարցերում լիազորությունները կարող են փոփոխության ենթակա լինել ոչ թե զուտ կառավարման էֆեկտիվության, այլ քաղաքական նպատակահարմարության շարժառիթով: Ահա այստեղ է, որ խորության վրա ընկած է ԶՈւ-ի համար քաղաքականության մարտահրավերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ