News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Աշխարհում կատարվում են ցավալի իրադարձություններ` անիմաստ զանգվածային սպանդ, ահաբեկչություններ, դանակահարություններ, ոստիկանության հարձակումներ ինքնուրույն ապրելու ցանկություն ունեցող ժողովրդի վրա: Գուցե տարօրինակ թվա, բայց իմ տպավորությամբ, դրանք ինչ-որ ձեւով փոխկապակցված են: Ավելին` ես կարծում եմ, որ մինչեւ աշխարհի ադեկվատ մարդիկ չհասկանան, թե որն է չարիքի ընդհանուր արմատը, այդ դեպքերը շարունակվելու են, բազմապատկվելու, հազարապատկվելու:

Բայց փնտրել այդ արմատները դավադրության տեսությունների մեջ` մասոնների, Սորոսի, ռուսների, ամերիկացիների, Արեւմուտքի, իսլամի կամ զանազան «ուժային կենտրոնների» մեջ, նշանակում է՝ ոչ միայն գնալ սխալ ուղղությամբ, այլեւ անուղղակի ձեւով մեծացնել չարիքի մասշտաբները: Արմատը մեր, մոլորակի բոլոր մարդկանց մեջ է: Ավելի ճիշտ` մեր հոգու «ստվերոտ» կողմերի մեջ:

Եթե կարճ ասենք` մեր ստվերոտ կողմը անհանդուրժողականությունն է: Բոլորս ինչ-որ մի բանի հավատում ենք, ինչ-որ նպատակներ, նախասիրություններ եւ ծրագրեր ունենք՝ դա նորմալ է, առանց դրանց ապրել հնարավոր չէ: Աննորմալ է, երբ մենք դրանց չափից դուրս մեծ նշանակություն ենք տալիս, բացարձակացնում, իդեալականացնում ենք դրանք: Այստեղից է ճանապարհ բացվում դեպի անհանդուրժողականություն, իսկ երբեմն՝ նաեւ մոլեռանդություն: Որովհետեւ երբ մենք որեւէ բան, նույնիսկ սկզբունքորեն շատ լավ, շատ ճիշտ բան բացարձակ ենք դարձնում, մենք «այդ մասով» կտրվում ենք աշխարհից եւ կարողանում ենք նորմալ շփվել բացառապես այն մարդկանց հետ, որոնք 100 տոկոսով կիսում են մեր այդ՝ սեւեռուն դարձած գաղափարը: (Քանի որ բնության մեջ այդպիսի մարդիկ գրեթե չկան, ծայրահեղ դեպքում դա բերում է բացարձակ միայնության, իսկ այս վիճակից մոլագար, սերիական մարդասպան կամ «հրձիգ» դառնալը մեկ քայլ է):

Իդեալականացնել, բացարձակացնել կարելի է ամեն ինչ՝ քո կատարելությունը կամ անկատարությունը («ինձ մոտ ոչինչ չի ստացվում», կամ հակառակը՝ «սրանք ո՞վ դառան, որ իմ թերություններից խոսեն), սեփական առողջությունը կամ հիվանդությունը, հաջողությունը կամ անհաջողությունը, հարստությունը կամ աղքատությունը: Ինչպես նաեւ՝ հարաբերությունները մտերիմների հետ («ես նրանից նման բան չէի սպասում»), կրոնը՝ ինչպե՞ս է նա համարձակվում քրիստոնյա (մահմեդական, աթեիստ, «Եհովայի վկա») չլինել, ազգությունը, կուսակցականությունը, քաղաքական ուսմունքը եւ այլն: Տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը: Պետական պարգեւ ստանալը կամ չստանալը:

Հենց որ մենք մտնում ենք «բացարձակի» դաշտ՝ վերջ, դանակ կամ այլ զենք վերցնելու հավանականությունը խիստ մեծանում է: Մարդկության համար միակ ելքն է այսօր «բացարձակից» հետքայլ անելը եւ «հարաբերականի» մեջ փոխզիջումներ գտնելը: …1988-90 թվականների հեղափոխությունից հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի նախագահ էր նշանակվել հայտնի թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը: Այդ պաշտոնում նա ինչ-որ բան սխալ արեց՝ հաղթանակած ՀՀՇ-ականների տեսանկյունից, արդեն չեմ հիշում, թե ինչ: Գերագույն խորհրդի նիստում նրան ոչ միայն «հանեցին աշխատանքից», այլեւ մի ամբողջ դատուդատաստան սարքեցին: Չգիտեմ՝ ինչու ես այդ մասին հիմա հիշեցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ