News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շիմպանզեներ եւ տարբեր տեսակի կապիկներ լինում են ամենուրեք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակի մակարդակի»:

«Քանի որ ինքս մանրամասնորեն չեմ տիրապետում կենդանական եւ կապիկական աշխարհի նյուանսներին, ես երեւի օրենքներից խոսեմ, որովհետեւ շիմպանզեների եւ օրանգուտանների մասին լավ կլինի բուն մասնագետները խոսեն»,- ասաց Մարգարիտ Եսայանը:

«Եթե մեր գործընկերներն ընդամենը ասում են, որ խմբակցությունն իրավունք ուներ հանրաքվե հրավիրելու եւ հիմա, իբրեւ թե այդ իրավունքը վերցվում է, եւ ասվում է, որ միեւնույն է այդ իրավունքը պետք է քննարկվեն ավագանու նիստում, չի՞ ստացվում, որ այն չակերտավոր գործիքը, որ ունի այս կամ այն խմբակցությունը, անգործության մատնված գործիք է լինելու, որովհետեւ ցանկացած իրավիճակում որոշում կայացնողը մեծամասնությունն է»,-ընդգծեց նա:

Պատգամավորը չհերքեց, որ իրենք օրենքը համապատասխանեցում են Սահմանադրությանը: «Մոլորության մեջ ենք, եթե կարծում ենք, որ մենք ինչ-որ խմբակցությունից գործիք ենք վերցնում: Այսինքն արվում է մի բան, որն իրականում անգործ է: Կառավարությունը եւ օրենքի հեղինակները որեւէ բան սղղացնելու միտում չունեն»:

Իր խոսքի վերջում Մարգարիտ Եսայանը կրկին անդրադարձավ կապիկների թեմային՝ նշելով. «Շիմպանզեներ, օրագուտանգներ եւ այլ տեսակի կապիկներ լինում են ամենուրեք: Եվ կապված նրանից, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը այդ կենդանիներին, մենք տալիս ենք մեր սեփական ինքնագնահատականը»:

Ավելի վաղ, այսօր Նիկոլ Պաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հանրաքվե նախաձեռնելու իրավունքը. «Ինչի՞ն է այս դրույթը խանգարում, ինչո՞ւ եք հանում այն: Երբ իրականությունն ու այստեղ հնչող ելույթներն ենք համադրում, հասկանում ենք, որ ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան ինտենսիվ վերացնում ենք այդ գործիքները: Սա գործիք, է որն ունի ընդդիմությունը, ինչո՞ւ եք քափ-քրտինքի մեջ հավաքում այդ գործիքներն ընդդիմադիր խմբակցություններից: Խոսեմ տարբերությունների մասին: Օրանգուտանգ կապիկի եւ մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը երկու տոկոս է, դրա համար կոչ եմ անում, որ մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակի մակարդակի»:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու 1/3-րդին: Նշենք, որ նախկինում հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն ուներ նաեւ խմբակցությունը:

Նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից:

Տպել
Ամենաշատ