News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն՝ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան, ջանքեր կներդնի երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանն այդ ցանկությունը եւ պատրաստակամությունն ունի: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում դեսպանների հավատարմագրումը նոր խթան կհանդիսանա երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:

Նշելով, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը հայ ժողովուրդը ջերմ վերաբերմունք ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի նկատմամբ, ինչը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ նախորդ դարասկզբին հայ ժողովրդի համար ճակատագրական պահին՝ Ցեղասպանությունից մազապուրծ նրա մի հատվածին այդ երկրներն ապաստան ու զարգանալու հնարավորություն են տվել: Կոլումբիայում Արմենիա անունով քաղաքի առկայությունը եւս, Հանրապետության նախագահի համոզմամբ, երկու ժողովուրդների միջեւ եղած առնչությունների վկայություններից է:

Դեսպան Ալֆոնսո Լոպես Կաբալյերոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-կոլումբիական հարաբերությունների զարգացման համար՝ համակարծիք լինելով, որ երկու ժողովուրդները միմյանց հանդեպ ջերմ զգացումներ են տածում, ինչը լավ հիմք է միջպետական կապերի ամրապնդման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ