ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները տեղյակ չեն, որ վերջին օրերին թանկացումներ են տեղի ունեցել: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խորհրդարանում լրագրողները պատգամավորներից փորձեցին հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունեն բենզինի, կարագի, մսամթերքի թանկացման մասին:

«Ես տեղյակ չեմ, ի՞նչ թանկացում: Էսօր իմ հետ գործ չունեք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը (Գագիկ Բեգլարյանի եղբայրն է-խմբ):

ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը (Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է-խմբ) նույնպես տեղյակ չէ թանկացումների մասին: «Ոչ, ես տեղյակ չեմ»:

Պատգամավոր Ալիկ Սարգսյանն էլ նշեց, որ տեղյակ չէ գնաճի մասին. «Ի՞նչ, ի՞նչ, ես չգիտեմ ինչի մասին եք ասում»:

Երբ լրագրողներն իրազեկեցին, թե որ ապրանքատեսակներն են թանկացել, Սարգսյանը նշեց, որ իր կինն է գնումներով զբաղվում: «Ես այստեղ չէի, նոր եմ եկել, ընդամենը երկու օր է, եւ էս երկու օրվա ընթացքում կինս չի հասցրել զեկուցի»: Հարցին, թե հնարավո՞ր է թանկացումների միջոցով օլիգարխները ընտրություններում ծախսած փողերն են հետ բերում, Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ դրանք զրպարտիչ հայտարարություններ են:

ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ լսել է թանկացումների մասին: «Հարցը քննարկվել է հանձնաժողովում, առաջիկայում իրենք ձեր պատասխանները կտան»,- ասաց Գրիգորյանը: