Հայաստանի իշխանությունները թող պարզաբանեն, թե որ դեպքերում են պատրաստ Ռուսաստանի Զինված ուժերին դիմել ներքին անկարգությունների պարագայում: Հոկտեմբերի 4-ին ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի Միացյալ խմբավորման կանոնակարգը քննարկելիս:
Նրա խոսքով՝ կանոնակարգում նշված է ռազմական աջակցության հնարավորության մասին ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին սպառնալիքների դեպքում: Հետեւաբար՝ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչ պետք է հասկանալ ներքին սպառնալիքի տակ: «Այդ ժամանակ պարզ կլինի, թե Հայաստանի իշխանությունները որ դեպքերում իրավունք կստանան ռուսական զորք խնդրելու»,- հավելեց Զեյնալյանը:
Ի պատասխան զեկուցողը՝ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ արտաքին եւ ներքին սպառնալիքների իրավական սահմանումները կտրվեն «Պաշտպանության մասին» օրենքում կատարվող լրացումներում, որոնք առաջիկայում կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: