News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին:

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. Չեխիա կատարած իր պետական այցի շրջանակներում Միլան Շտեխի հետ ունեցած հանդիպումը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի այցը Հայաստան արդյունավետ կլինի՝ ամրապնդելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, եւ պարոն Շտեխը կզգա նույն ջերմությունն ու բարեկամությունը, որը մշտապես անձամբ ցուցաբերել է Հայաստանի ներկայացուցիչներին Չեխիա կատարած այցերի ընթացքում։ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը Չեխիան համարում է բարեկամ երկիր ու վստահելի գործընկեր եւ շահագրգռված է համագործակցության խորացմամբ ու առաջընթացով բոլոր ոլորտներում:

Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու բարեկամ երկրները կայուն քաղաքական երկխոսություն ունեն բոլոր մակարդակներում: Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը այդ երկխոսության շարունակական զարգացման գործում՝ նշելով, որ հայ-չեխական հարաբերությունների օրակարգի հարստացման ու առաջմղման գործում իր ծանրակշիռ տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանում իր բոլոր հանդիպումներն անցնում են ջերմ եւ դրական մթնոլորտում: Միլան Շտեխը եւս ընդգծել է, որ Չեխիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում՝ հաշվի առնելով երկու երկրների բարձր ղեկավարության ակտիվ շփումներն ու փոխըմբռնումը, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը: Նրա համոզմամբ, քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը պետք է լրացնել նաեւ առեւտրատնտեսական ակտիվ կապերով, ինչի ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իսկ տարվում են. Սենատի նախագահը տեղեկացրել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաեւ չեխ գործարարներ, ովքեր հանդիպումներ կունենան հայ գործընկերների հետ, կծանոթանան Հայաստանի տնտեսության հնարավորություններին եւ շուկայի պահանջարկին:

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը Հանրապետության Նախագահի հանդիպմանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանին չեխական զինատեսակի վաճառքի վերաբերյալ աղմկահարույց թեմային՝ շեշտելով, որ այդ վաճառքն իրականացնողները չեն ունեցել Չեխիայի իշխանությունների թույլտվությունը, եւ այժմ հետաքննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչպես է կատարվել այդ գործարքը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին եւ համարում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ