Մերիլ Դենլին՝ Լաս Վեգասում հրաձգություն իրագործած Սթիվեն Փեդոքի ընկերուհին, չի ձերբակալվել, լրագրողներին հայտնել է ՀԴԲ ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա ձերբակալված չէ»,- ասել է նա:
Չորեքշաբթի Դենլին Ֆիլիպիններից ժամանել էր Լոս Անջելեսի օդանավակայան, որտեղ նրան էին սպասում ՀԴԲ գործակալները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանները «նրան քննության համար հետաքրքրություն ներկայացնող անձ» են համարում: Հայտնի է դարձել նաեւ, որ Ֆիլիպիններում գտնվելու ժամանակ տղամարդը Դենլիին 100 հազար դոլար է ուղարկել:
Հիշեցնենք, որ երկուշաբթի լույս գիշերը տեղացի Սթիվեն Փեդոքը 58 մարդու է սպանել, վիրավորել ավելի քան 500-ին, ապա ինքնասպան եղել: Փեդոքը հյուրանոցի 32-րդ հարկից ավտոմատ հրացանից կրակել է 20-հազարանոց բազմության վրա, որոնք եկել էին քանթրի երաժշտության համերգին: Այս միջադեպը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր զանգվածային սպանությունն է: