News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ավելի քան համոզված են, որ Իրաքի Քուրդիստանի ստեղծումն իսրայելական նախագիծ է, որի նպատակը մի կողմից Միջերկրականի ափին իրեն լոյալ պետություն ունենալն է, մյուս կողմից՝ Թուրքիայի պառակտումը: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում նշել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Իրաքի Քուրդիստանն անկախության հանրաքվե անցկացրեց, որին մեծամասնությունը կողմ քվեարկեց: Դուք հնարավոր համարո՞ւմ եք Քուրդիստան պետության առաջացումն այժմյան աշխարհաքաղաքական իրավիճակում։ Ինչո՞ւ Էրբիլի իշխանությունները որոշեցին հենց հիմա հանրաքվե անցկացնել։

Տեղի ունեցող այս իրադարձությունների արմատներն ավելի խորն են. Ամերիկայի ներխուժումից հետո ստեղծվեց Քուրդիստանի ինքնավար հատվածը, եւ արդեն այդ ժամանակ գծագրվեցին ապագա Քուրդիստանի սահմանները: Ներկայում այդ մեծ ծրագրի մի մասն է տեղի ունենում: Ինչո՞ւ հիմա Էրբիլի իշխանությունները գնացին այդ քայլին: Դրա համար կային մի քանի պատճառներ. նախ տարածաշրջանում բավականին անկայուն վիճակ է, Սիրիայում տեսնում ենք իշխանությունների թուլացում, ռազմական գործողությունների անընդհատ շարունակում, Իրաքում քաղաքական իշխանությունները բավական ծանր դրության մեջ են: «Իսլամական պետությունը» կարողացել է մասնատել, բզկտել Իրաքը, եւ Քուրդիստանի իշխանությունների համար բավական հարմար ժամանակ էր անկախության հանրաքվե իրականացնելու համար: Այսինքն՝ եկավ մի պահ, երբ դրա համար ստեղծվեցին նախադրյալներ:

Ինչպե՞ս կփոխվի տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը հանրաքվեից հետո։

Ինչպես տեսնում ենք այս գործընթացին կան լրջորեն հակազդող երկրներ, որոնց որեւէ կերպ ձեռնտու չէ Իրաքի Քուրդիստանի անկախությունը: Խոսքը Իրաքի, Իրանի եւ Թուրքիայի մասին է, որոնցից ձեւավորվեց այսպես կոչված «դաշինքը»:

Որքանո՞վ է իրատեսական, որ Թուրքիան կարող է իրականացնել Քուրդիստան ռազմական ներխուժման մասին սպառնալիքները։

Թուրքական իշխանությունները բավական շատ սպառնալիքներ հնչեցրեցին ռազմական ներխուժման մասին, սակայն թե՛ Թուրքիայի վարչապետը, թե՛ նախագահն իրենց խոսքում նաեւ հայտարարեցին, որ Թուրքիան չի պատրաստվում պատերազմի, այլ հավանական վտանգի դեպքում երկրի անվտանգությունն ապահովելու համար ստիպված կլինի գործողություն իրականացնել: Այսինքն՝ ուղիղ պատերազմի հավանականություն այս պահին չկա:

Իսկ Բաղդադը կգնա՞ ռազմական առճակատման։

Ինչպես նշեցի՝ իրաքյան իշխանություններն այնքան էլ լավ վիճակում չեն, որ դիմեն ռազմական գործողությունների: Մանավանդ վերջին տարիներին Իրաքն «Իսլամական պետության» դեմ պայքարում բավական կորուստներ է ունեցել, իսկ Մոսուլի ազատագրման ժամանակ հաջողվեց արդյունքի հասնել կոալիցիոն գործընկերների ավիահարվածների եւ նույն քրդական փեշմերգայի օգնությամբ: Այսինքն՝ մտածել, որ Բաղդադը կկարողանա ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, մի փոքր իրատեսական չէ:

Հնարավոր համարո՞ւմ եք Իրանի մասնակցությունը Քուրդիստանում ռազմական գործողություններին, թե՞ Թեհրանը կնախընտրի սահմանափակվել պատժամիջոցներով, ինչպիսին է, օրինակ՝ դեպի Էրբիլ թռիչքների դադարեցումը։

Իհարկե Իրանին խիստ անհանգստացնող է Քուրդիստանի անկախության հանրաքվեն, որովհետեւ հենց անմիջապես սահմանին Իրանի տարածքում գտնվում է Քուդիստան նահանգը: Քուրդիստանի հանրաքվեն մեծ ոգեւորություն է առաջ բերել այդտեղի բնակչության մեջ, եւ Իրանն ուղղակի անտարբեր չի կարող մնալ այդ զարգացումներին: Իրանը, իհարկե, հայտարարեց պատժամիջոցների մասին՝ առաջին հերթին նշելով, որ Բաղդադի խնդրանքով դադարեցնում է ավիաթռիչքները, եւ հետագայում գուցե այլ պատժամիջոցներ կիրառի, սակայն ուղղակի ներխուժում իրաքյան Քուրդիստան կամ պատերազմ չի նախատեսի: Մյուս կողմից գիտենք, որ Իրաքի եւ Սիրիայի տարածքում գործում են շիական իրանամետ ռազմական ուժեր, որոնք Բաղդադի կողմից կազմակերպվելիք որոշակի ռազմական գործողությունների ժամանակ  գուցե միանան:

Ի՞նչ պայմաններում Էրբիլը «կմտափոխվի» եւ կհրաժարվի անկախությունից։

Ներկա պահին իմ նշած երեք պետությունների կողմից Իրաքի Քուրդիստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցներն իրականում բավականին ծանր դրության մեջ կդնեն Քուրդիստանի ղեկավարությանը: Վերջին շրջանում Բարզանիի հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենք, կարծես, պատրաստ են գնալ համաձայնության Իրաքի իշխանությունների հետ, պարզապես սպասում են համապատասխան առաջարկի: Մինչ այս ներկայացված առաջարկները, ինչպես Բարզանին հայտարարեց, իրենց չեն գոհացրել:

Ռուսաստանը հայտարարել է, որ ինքը Թուրքիայի հետ հանրաքվեի հարցով լուրջ տարաձայնություններ չունի։ Արդյոք դա նշանակում է, որ Մոսկվան կպաշտպանի՞ Անկարային ռազմական միջամտության դեպքում։

Այս համատեքստում քիչ է շոշափվում հենց ՌԴ-ի դերակատարումը, սակայն կարեւոր է հետեւյալը, որ ոչ ոք դրա մասին չի խոսում: Ռուսաստանի Դաշնությունը միլիարդավոր ներդրումներ է արել եւ անում է Իրաքի Քուրդիստանում, եւ նա տեղի ունեցող գործընթացում պարզապես ձայն չի հանում: Եթե Մոսկվան դեմ լիներ այս ամենին, նա կբարձրաձայներ եւ կստիպեր ինչ-ինչ քայլերով Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը հետ կանգնել իր մտադրությունից, սակայն ինչպես տեսնում ենք, Ռուսաստանը պարզապես շարքային հայտարարություններ է անում: Նույնը վերաբերում է նաեւ ԱՄՆ-ին: Այսինքն հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում, կոնկրետ Սիրիայի հարեւանությամբ, որտեղ ԱՄՆ-ն ունի կարեւոր ներկայություն, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն չեն փորձում հակադրվել միմյանց:

Վաշինգտոնի եւ Մոսկվայի շահերին որքանո՞վ է համապատասխանում Քուրդիստանի առաջացումը։

Սա եզակի երեւույթ է, երբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը չեն հակադրվում միմյանց, թեեւ ամեն մեկը, իհարկե, ունի իր ուրույն շահը: Դա է պատճառը, որ փոխադարձ սպառնալիքներ չհնչեցին միմյանց նկատմամբ: Կարծես թե երկուսն էլ կողմ են հանրաքվեի անցկացմանը, դրա համար էլ պարզապես հանդես եկան շարքային հայտարարություններով եւ վերջ:

Պաշտոնական Երեւանը ինչպե՞ս պետք է հավասարակշռություն պահպանի քրդական հարցի եւ Իրանի միջեւ։

Իհարկե, Հայաստանի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվում: Հասկանալու համար, թե Հայաստանի շահերին որքանով է համապատասխանում տեղի ունեցած հանրաքվեն,  պետք է հասկանալ՝ ինչ նպատակներ է հետապնդում այդ հանրաքվեն, ովքեր են կանգնած դրա հետեւում: Հայաստանը պետք է կոնկրետ հասկանա իրավիճակի լրջությունը, այսինքն որ կողմից է փչում քամին, ինչ նպատակի համար է ծառայում այդ հանրաքվեն եւ ըստ դրա կայացնի իր որոշումները, ունենա դիրքորոշում: Պարտադիր չէ դիրքորոշումն արտահայտել բանավոր հայտարարություններով, սակայն ունենալ հստակ դիրքորոշում պետք է:

Չպետք է մոռանանք նաեւ, որ հյուսիսային Իրաքում, այսինքն Քուրդիստանի ինքնավար հատվածում կան բազմաթիվ հայեր, որոնց թիվը հասնում է 4-5 հազարի եւ Հայաստանի համար նաեւ կարեւոր է այդ հայերի անվտանգությունը: Մյուս կողմից Հայաստանը, որը սերտ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, պետք է իր դիրքորոշումը հայտնելիս բավականին զգույշ լինի: Կարեւոր է այնպիսի միջանկյալ վերաբերմունք եւ դիրքորոշում գտնել, որպեսզի չվնասի թե՛ Իրանի հետ մեր հարաբերություններին, թե՛ հայ համայնքի անվտանգությանը Իրաքի Քուրդիստանի հատվածում:

Պակաս հետաքրքիր չէ նաեւ Իսրայելի դիրքորոշումը։ Նեթանյահուն եւ այլ պաշտոնյաներ պաշտպանում են քրդական պետության առաջացումը։ Ինչո՞ւ։ Կարո՞ղ է Իսրայելը ոչ պաշտոնապես պաշտպանել Քուրդիստանին՝ ի հեճուկս Իրանի։

Այս ամբողջ գործընթացում մեկ պետություն, որը, այսպես ասենք, պաշտոնապես պաշտպանեց Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն եւ աջակցություն հայտնեց, Իսրայելն էր: Տարածաշրջանում Իրանը, Թուրքիան ու Իրաքը բավականին զգուշանում են Իսրայելից այս համատեքստում, քանի որ տվյալ քայլը համարում են Իսրայելի իշխանությունների գործողությունների հետեւանք: Այսինքն երկար ժամանակ Էրբիլի իշխանությունների հետ իսրայելական կողմը համագործակցություն է իրականացնում: Թուրքիայում ավելի քան համոզված են, որ սա իսրայելական նախագիծ է: Իրանում եւս նման կասկածներ ունեն: Ըստ այդ պնդումների, Իսրայելը կողմ է, որպեսզի ստեղծվի Մեծ Քուրդիստան, որը ձգվում է Սիրիայի հյուսիսով, որտեղ Սիրիայի քրդերն են ստեղծել տարածք եւ դե ֆակտո վերահսկողություն են հաստատել մինչեւ Միջերկրական ծով ընկած հատվածում: Այսինքն Իսրայելը փորձում է մի քանի քայլով ապահովել Միջերկրական ծովի ափին իրեն ձեռնտու պետության ստեղծումը: Երկրորդ՝ Իսրայելը փորձում է դա պլացդարմ դարձնել Իրանի դեմ իր գործողություններում եւ վերահսկելի դարձնել Իրանի հետ այդ հատվածը: Իսկ թուրքերի գլխավոր մտավախությունն այն է, որ Մեծ Քուրդիստանի ստեղծումով Թուրքիան կպառակտվի ու կթուլանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ