News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը թեեւ այսօր Ազգային ժողովում ներկայացնում էր օրենքի նախագիծ, սակայն պնդում էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին ոչինչ չէր լսել: Հիշեցնենք, որ Արտաշես Գեղամյանն այսօր Աժ միջանցքում հարձակվել եւ բռունցքներով հարվածել էր Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինիս ելույթը իր սրտով չի եղել: Այս եւ վերջին շրջանում արձանագրված  կրակոցների, սպանությունների մասին NEWS.am-ը զրուցել է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ:

Պարոն Պողոսյան, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր Ազգային ժողովի միջանցքում հարձակվել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա եւ բռունցքներով հարվածել: Որպես փոխոստիկանապետ՝ իշխանական պատգամավորի վարքագծին ի՞նչ գնահատական կտաք:

Ճիշտն ասած, բացաձակ տեղյակ չեմ, ԱԺ եմ մտել տասը րոպե առաջ:

Դա տեղի է ունեցել ժամեր առաջ, չե՞ք  տեղեկացել:

Գիտեք ինչ, կտեղեկանանք, օրենքով սահմանված կարգով  ընթացք կստանա: Իհարկե, չեմ ողջունում ոչ մի նմանատիպ դեպք, բայց դուք անմեղության կանխավարկածն եք խախտում… Չեմ կարծում՝ պարոն Գեղամանը իր տարիների փորձով…. այս պարագայում նման քայլի գնար, իրական փաստերը ունեցեք, նոր մեկնաբանեք:

Ինչո՞վ եք բացատրում վերջին շրջանում կրիմինալի ակտիվացումը, կրակոցների, սպանությունների աճը: Շատերը այն վերագրում են ոստիկանության անգործությանը, ի՞նչ կասեք այս մասին:

Պարապ մարդկանց խոսակցություններ են,  ոնց կարելի դա վերագրել ոստիկանության անգործությանը, այդպես են ցանկանում, այդպես են ասում: Ոստիկանությունը թե կանխարգելիչ, թե օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ցույց է տալիս, որ իրոք, իրավիճակը վերահսկելի է: Ոչ մի երկրում ոչ մի հասարակությունում նման դեպքերից ոչ մեկ ապահովագրված չէ:

Նախօրեին դարձյալ սպանություն տեղի ունեցավ Նորագավիթում ….

Հաշված րոպեների ընթացքում բացահայտվեց դեպքը…

Օրերս NEWS.am-ի հետ զրույցում նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը անդրադառնալով քրեական միջավայրի ակտիվացմանն՝ ասաց, որ հանցավորության, վենդետայի հիմքում բացի այլ պատճառներից կա նաեւ անպատժելիություն: Համամի՞տ եք նախկին գլխավոր դատախազի հետ:

Գործընկերոջը մեկնաբանելը անշնորհակալ գործ է, բայց ես իր հետ համաձայն եմ մասամբ: Վենդետան միմիայն անպատժելիության հետեւանք չէ, որովհետեւ ես չեմ ուզում  նախաքննության գաղտնիք հրապարակել կամ անմեղության կանխավարկած խախտել, բայց օրինակ Նորագավիթում վերջին դեպքը, որը Դուք հիշատակեցիք, դա էլ կախված  էր ինչ-որ նախկին դեպքերի հետ, բայց սա էն պարագայում, որ քաղաքացիները իրենց հետ կատարված դեպքերի մասին անհրաժեշտ ինֆորմացիա չեն տրամադրում: Երկրորդը, երբ ամեն ինչ ակնհայտ է եւ իրոք արժանի համաչափ, իրավաչափ պատիժ քաղաքացին չի ստանում, դա այլ բան է, վերջին տարիներին նման պրակտիկա չկա մեր պետաիրավական, դատական համակարգում:

Նախկին գլխավոր դատախազը, թերեւս հենց նկատի ունենալով ոստիկանությանն՝ ասաց, որ բացահայտման աճի մասին հայտարարություններ են արվում, մինչդեռ կանխարգելիչ գործառույթը եւս շատ կարեւոր է, որը պետք է պատշաճ մակարդակի վրա դնել, նշեց նաեւ, որ մեր տիպի  հասարակություններում կան հանցագործություններ, որոնք հեշտ է կանխարգելել: Ի՞նչն է խոչընդոտում ոստիկանությանը կանխարգելիչ ֆունկցիան պատշաճ մակարդակում հասցնել:

Կանխարգելիչ գործառույթը երբեւէ չի եղել ցանկալի մակարդակի վրա, եթե վաղը լինի ամենացանկալի  մակարդակին նույնիսկ, միեւնույն է՝ մենք բավարարված չենք զգալու մեզ, դա ստեղծագործական աշխատանք է, որը պահանջում է իրավիճակի խորը վերլուծություն, ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, ոստիկանությունը իր գործառույթը պատշաճ է կատարում: Նախկին գլխավոր դատախազի հետ համաձայն եմ մասամբ, կանխարգելիչ աշխատանքները կարեւոր բաղադրիչ են, բայց միայն դա բավարար չէ: Կանխարգելելը քաղաքացու իրավագիտակցության հետ է կապված: Ցանկացած քաղաքակիրթ երկրում տեսեք՝ ինչեր է կատարվում, Լաս Վեգասի վերջին դեպքերը տեսեք, ինչ-որ մեկի մտքով ինչ է անցել, ինչ քայլի է գնացել այն դեպքում, երբ ոչ հոգեպես անհավասարակշիռ վիճակում չի  եղել, ոչ էլ ֆինանսական խնդիր է ունեցել: Պահի տակ ստեղծված իրավիճակը չի կարող հիմք հանդիսանալ, որ քննադատեն ու ասեն՝ կանխարգելիչ աշխատանք չի կատարվել: Մարդիկ վիճել են տարիներ առաջ, հիմա մարդը գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ որոշում է կայացրել, դա մի բան է, երբ որ քաղաքացին գտնվում է օպերատիվ հետախուզական միջոցառումների ներքո եւ տեսադաշտից դուրս է մնում, դա այլ խնդիր է: Այնպես որ ես իր հետ համաձայն եմ մասամբ, դրա մասին ավելի վաղ էլ ենք խոսել, երբ որ Կոստանյանը  գլխավոր դատախազ էր, այն ժամանակ իր կարծիքը մի քիչ այլ էր:

Ավելի բաձր կարծիքի է՞ր…

Կարծում եմ, հիմա էլ պարոն Կոստանյանը ոստիկանության մասին բարձր կարծիքի է:

Պարոն Պողոսյան, քիչ չեն մեղադրանքները, որ ոստիկանոթյունը քրեական աշխարհի հետ սերտաճել է, ինչն էլ հանգեցնում է նման իրավիճակի: Այս մասին ի՞նչ կասեք:

Թույլ, սին, բամբասանքի աստիճանի խոսակցություններ են, դա շահարկողները գալիս, այս կամ այն քրեական հեղինակության համար բարեխոսում են եւ հետո  տեսնում են, որ բարեխոսությունը չի անցնում, քրեական հեղինակությունը եթե կատարում է օրենքով սահմանված խախտում, հանցագործություն, անմիջապես պատժվում է, շահարկում են: Օրինակներ չեք գտնի, որ չեն պատժվում: Էդ շահարկողները միջնորդություններով են հանդես գալիս քրեական հեղինակությունների համար:

Դուք շարունակում եք պնդե՞լ, որ օպերատիվ իրավիճակը վերահսկելի է՝ չնայած արդեն առօրյա դարձած կրակոցներին ու արյունալի դեպքերին:

Շարունակում եմ պնդել՝ օպերատիվ իրավիճակը վերահսկելի է: Ոչ մեկը ապահովագրված չէ նման դեպքերից, ես չեմ կարող կանխատեսել՝ վաղը կլինի, թե չէ որեւէ դեպք, ցանկացած դեպքով զբաղվում ենք:

Քրեական խրոնիկան հաշվի առնելով՝ չկա՞ն  պաշտոնյաներ, որոնք, ինչպես ասում է ոստիկանապետը՝ պետք է հանվեն համազգեստի միջից: 

Շատ լավ է, որ պարոն Գասպարյանի խոսքերը դարձել են թեւավոր խոսքեր, մենք էդ գործընթացը սկսել ենք, ընթացքի մեջ է եւ երբեւէ չի ավարտվել, եթե ավարտվի, ուրեմն իդեալական հասաակություն ու ոստիկանություն ունենք:  Հաշվի առեք նաեւ  սերնդափոխությունը: Կանխարգելիչ աշխատանքներից խոսողը պետք է հասկանա՝ ինչ սերնդափոխություն է տեղի ունենում:  Մի բան է, որ էդ հատվածում աշխատողը ունի 20 տարվա փորձ, մի բան է, որ աշխատողը երիտասարդ է…. Երիտասարդի ավյունն է լավը…

Սերնդափոխության մասին նշեցիք, իսկ Դուք պատրա՞ստ եք Ձեր պաշտոնը զիջել երիտասարդներին, օրինակ ոստիկանապետը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց,  որ պատրաստ է զիջել երիտասարդներին,  հիմնավորելով, թե արդեն «ծերուկներ ենք»:

Ցանկացած պահի պատրաստ եմ զիջել, չնայած չեմ կարծում, որ այն տարիքում եմ…

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ