News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը եւ գիտությունը, սննդի արդյունաբերությունը եւ այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաեւ վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունների հիմքում համատեղ պատմությունն է՝ լի բարեկամության բազմաթիվ դրսեւորումներով, ինչը չափազանց կարեւոր է միջպետական կապերի ամրապնդման համար: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը պատահական չի համարել, որ բարեկամ Իտալիայի հետ Հայաստանն ունի շոշափելի ձեռքբերումներ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում:

«Գաղտնիք չէ, որ Իտալիան մեր կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, նաեւ՝ առեւտրատնտեսական հարաբերություններում: Գաղտնիք չէ նաեւ, որ մենք խորապես շահագրգռված ենք Իտալիայի հետ այդ հարաբերությունները խորացնելու, որովհետեւ Իտալիան բարձր զարգացում ապահոված երկրներից է, եւ իտալացիների հետ մեր համագործակցությունը բերում է մեզ կառավարման նոր մշակույթ՝ ժամանակակից, արդյունավետ կառավարման: Այս ոլորտում մենք պետք է անպայման մեծ ջանքեր գործադրենք:

Իհարկե, ուրախալի է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր առեւտրաշրջանառությունն էապես աճել է. 2017 թվականի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե 26 տոկոսով աճել է առեւտրաշրջանառությունը, իսկ արտահանումը Հայաստանից դեպի Իտալիա ավելացել է 21 տոկոսով: Իսկ սա խոսում է հենց այդ հարաբերություններում մեծ ներուժի մասին:

Շատ կարեւոր է, որ ավանդական ուղղությունների հետ միասին այդ հարաբերություններում նոր ոլորտներ են ի հայտ գալիս: Մենք հիմնականում համագործակցում ենք շինարարության, սննդի արտադրության ոլորտներում, իսկ հիմա դրանք արդեն համալրվում են նոր՝ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտներով, եւ դրանք խոշոր ներդրումներ են: Ես ուղղակի համոզված եմ, որ մի քանի շաբաթ հետո իտալացիները սկսելու են իրագործել մեր պայմանագիրը՝ կապված նոր եւ արդյունավետ ջերմակայանի կառուցման աշխատանքների հետ, իսկ սա մեզ համար էական է:

Մենք զգալի աշխատանք պետք է տանենք Իտալիայում ներկայացնելու մեր հնարավորությունները, մեր արտադրատեսակները: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այդ ոլորտում թեթեւ արդյունաբերության հնարավորությունների վրա: Եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իտալիան եվրոպական երկրներում մեր երրորդ առեւտրային գործընկերն է, եւ մեր ապրանքաշրջանառության ծավալում թեթեւ արդյունաբերությունը զբաղեցնում է շուրջ 90 տոկոսը, սա արդեն մեզ պետք է շատ լուրջ հույսերի եւ մտորումների առիթ տա, որովհետեւ մենք արտահանում ենք ապրանքներ, որոնք պահանջարկ ունեն եւ՛ Իտալիայում, եւ՛ Եվրոպայում: Չափազանց կարեւոր է այս տեմպը պահելը:

Մենք երկրի ներսում, անշուշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ոլորտին, եւ ես խորապես համոզված եմ, որ ընդհանրապես մեր թեթեւ արդյունաբերությունը պետք է թռիչքային զարգացում ունենա: Երեկ մենք տեղական ընկերություններից մեկում ականատեսը եղանք նոր արտադրատեսակների արտադրության սկզբին, համոզված ենք, որ մեկ տարվա ընթացքում մենք միայն մեկ ընկերության ուղղությամբ ունենալու ենք 3.5-4 հազար նոր աշխատատեղ, ընդ որում՝ խորանալու ենք արտադրական գործընթացի մեջ, այն առումով, որ ոչ միայն ծավալներն ենք ավելացնելու, այլ նաեւ ուշադրություն ենք դարձնելու տարբեր էտապներում նոր արտադրանք արտադրելուն:

Այսինքն, ոչ միայն մերոնք պետք է հագուստ կարեն, այլ պետք է կտոր արտադրեն, պետք է թել արտադրեն, եւ այսպես հասնելու ենք մինչեւ սկզբնական փուլ: Իհարկե, մենք Հայաստանում չենք կարող բամբակ աճեցնել, բայց մնացած բոլոր պրոցեսներն ի վիճակի ենք իրականացնել եւ ունենք որոշակի ծրագրեր:

Ես կարծում եմ, որ մենք պետք է իտալացի գործարարներին բացատրենք Հայաստանի հարաբերական, այլ երկրների հետ համեմատած, մրցակցային առավելությունները՝ նկատի ունեմ նաև Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը: Իտալացիները շատ հմուտ գործարարներ են, նրանք գիտեն իրենց ապրանքները լավ վաճառել, և այս առումով կարծում եմ, որ Հայաստանը կարող են տեսնել նաև հարթակ այդ 170 միլիոնանոց շուկայում իրենց դիրքերը պահելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ