News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունը շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսեւորվել ու մասնակցել երկրի զարգացման գործին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, «Ազգային մրցունակություն. Ձեւավորի՛ր առավելությունդ» խորագրով անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի «Shape Eurasia-2017» համաժողովի աշխատանքների ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

 Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով համաժողովի անցկացումը մեր երկրում՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ «Global Shapers» երեւանյան կենտրոնը գործունեության 5 տարիների ընթացքում կայացել է ու պատիվ ունի հյուրընկալել համաժողովի մասնակիցներին: «Արդեն 47 տարի է Համաշխարհային տնտեսական ֆորումը ստեղծել է այս հարթակը, որտեղ տնտեսական, գործարար միջավայրում քննարկվում է, թե ինչպես ունենալ ավելի բարեկեցիկ եւ զարգացող աշխարհ: Սա այն հարթակն է, որտեղ ձեւավորվում են այսօրվա օրակարգը, նորարարական թրենդները, ինչպես օրինակ՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը կամ առաջիկա Davos 2018-ի գլխավոր թեման: Կարծում եմ՝ դուք ունեք ֆանտաստիկ հեռանկարներ, բոլորդ երիտասարդ եք, լի էներգիայով, ինքներդ ձեւավորել եք ձեր եսը  եւ հանդիպելով այստեղ՝ կարող եք մտքեր, փորձ փոխանակել, ձեւավորել կապեր ու մասնակցել այսօրվա օրակարգերին, ձեւավորել վաղվա օրը»,- նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը չափազանց շահագրգռված է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կկարողանան դրսեւորվել, լինել հաջողակ, մասնակցել սեփական երկրի զարգացման գործին:

Այնուհետեւ վարչապետ Կարապետյանը համաժողովի մասնակիցներին  հյուրընկալել է կառավարությունում, պատասխանել նրանք հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայկական սփյուռքին, համաշխարհային տնտեսության միտումներին, մարտահրավերներին, Հայաստանում իրականցվող բարեփոխումների ուղղություններին եւ այլն: Համաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության, «Shape Eurasia-2017»-ի անցկացմանն աջակցելու համար եւ Կարեն Կարապետյանին շնորհել «Global Shapers»-ի պատվավոր անդամի կոչում:

Համաշխարհային տնտեսական ֆորումի  նախաձեռնությունը համարվող «Global Shapers Community»-ի նպատակն է համախմբել երիտասարդ առաջնորդներին «աշխարհում իրավիճակը բարելավելու» գաղափարի շուրջ: Այն կազմակերպված է ցանցային կենտրոնների ձեւաչափով, որոնց գործունեությունը միտված է տեղական ազդեցություն ունեցող ծրագրերի ստեղծմանը: «Shaper»-ների համայնքը ներառում է աշխարհի 170 երկրներից ավելի քան 6800 երիտասարդ առաջնորդների:

Տպել
Ամենաշատ