News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական ֆուտբոլի սեւ շրջանի պատճառները

Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1:6 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն։ Այս պարտությունը զարմանալի չէր, գուցե զարմանալի էր հաշիվը, իսկ ավելի ճիշտ՝ ամոթալի, բայց եթե հետեւենք հավաքականի վերջին խաղերին, ապա կհասկանաք, որ ամեն ինչ օրինաչափ էր։ Որտեղի՞ց սկսեց մեր հավաքականի անկումը, այն հավաքականի, որը մի քանի տարի առաջ հաղթում էր ուժեղ թիմերին։ Որտե՞ղ պետք է փնտրել այս ամենի արմատները։

Պետք է իրատես լինել կազմի հարցում

Առաջին հերթին քննադատվում է թիմը։ Խաղից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ այս կազմով անգամ Ազգերի լիգայում անելիք չունենք։ Դիտել, թե ինչպես են 90 րոպե ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստները տարրական սխալներ անում, սարսափելի է։ Վերջին տարիների ընթացքում մենք այդպես էլ չունեցանք կամ չաճեցրինք լավ պաշտպանների։ Մենք հասանք մի կետի, երբ որակազրկված կենտրոնականների բացակայության արդյունքում ամբողջ հույսը դնում ենք Տարոն Ոսկանյանի վրա։ Ֆուտբոլիստի, որը Ռումինիայի հետ խաղում մեր դարպասին 11 մետրանոց բերեց ու հեռացվեց խաղից, ֆուտբոլիստի, որը Պորտուգալիայի հետ արտագնա խաղում դարձավ խաղի միակ գոլի հեղինակը։ Ցավոք, այն ուղղված չէր մրցակցի դարպասին։ Նրա ճակատագրական սխալները բազմաթիվ են։ Այն, որ այս ֆուտբոլիստի խաղը հավաքականում չփոխվեց (չենք խոսում նրա ակումբային կարիերայի մասին), փաստ է։ Բայց նա շարունակում է մնալ հավաքականի հիմնական ֆուտբոլիստներից մեկը։

Ճշմարիտ են ասում, որ չի կարելի այս կազմի ֆուտբոլիստներից պահանջել ավելին, քան նրանք կարող են։ Չի կարելի Կամո Հովհաննիսյանից ուժերից վեր խաղ պահանջել։ Այս ֆուտբոլիստի ՕԳԳ-ի մասին գրվում է բոլոր խաղերից հետո, բայց նա շարունակում է մնալ հավաքականի կազմում։ Չկա՞ն այլ ֆուտբոլիստներ, թե՞ բոլորը նրանից վատն են։

Եվ ի՞նչ կարելի է անել այն դեպքում, երբ դարպասապահը թույլ է տալիս պարզունակ սխալներ, երբ թիմը ճիշտ չի կարողանում պատ կազմել։ Երբ ֆուտբոլիստը վտանգավոր գոտում հետ փոխանցում է կատարում դարպասապահին, իսկ նա ձեռքով է որսում, կամ երբ ֆուտբոլիստը մեն-մենակ դուրս է գալիս դարպասապահի դեմ եւ առանց երկար-բարակ մտածելու հարվածում։ Ժամանակին հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդն ասում էր, որ եթե իր ձեռքում կաղամբ եւ վարունգ կա, նա չի կարող լոբստեր պատրաստել։ Այդ ժամանակ բոլորը ծիծաղում էին։ Նույն բանը, բայց այլ կերպ, երեկ ասաց Արթուր Պետրոսյանը։ Այսինքն՝ այս կազմով մենք չպետք է զարմանանք ո՛չ արդյունքից, ո՛չ էլ խաղի որակից։

Արթուր Պետրոսյանը խաղից հետո ասաց, որ անգամ երիտասարդական հավաքականի կազմում արժանի փոխարինողներ չկան։ Իսկապես, երիտասարդական հավաքականը սեփական հարկի տակ հազիվ հաղթում է Ջիբրալթարին, մեծ հաշվով պարտվում Մակեդոնիային:

Մարզիչն ասում է՝ միակ հույսն արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներն են։ Իսկ կարո՞ղ ենք վստահ լինել, որ նրանք որակ կբերեն։

Սարգիս Ադամյանի հետ մեծ հույսեր էինք կապում։ Որերորդ խաղն է՝ հույսերն օդում են մնում։

Դարպասապահը

Ռոման Բերեզովսկու հեռանալուց բոլորս էինք վախենում։ Այդ օրը վաղ թե ուշ գալու էր, նա գնալու էր։ Եվ այն, որ մենք չունենք արժանի փոխարինող, արդեն ակնհայտ է։ Դարպասապահի հարցը դարձել է գլխացավանք։ Միակ հույսը, թվում էր, հավաքականին Դավիդ Յուրչենկոյի միանալն է։ Նրա որակների ու կարգի մասին շատ էինք լսել, բայց նրան այդպես էլ չտեսանք մեր թիմում։ Յուրչենկոն մեղադրեց ֆեդերացիային, որ գործը մինչեւ վերջ չարեցին, այսինքն՝ հետաքրքվեցին, բայց կոնկրետ հայտարարի չեկան: Ֆեդերացիան իր հերթին ասաց, որ ամեն ինչ արել են նրան հավաքական բերելու համար։ Բացի այդ՝ ոչ պաշտոնական մակարդակում կային լուրեր, որ Յուրչենկոն հավաքական գալու համար գումար է պահանջել։ Իր հարցազրույցում ֆուտբոլիստն ասել էր, որ հավաքական գալն իր ակումբային կարիերայի համար մեծ ռիսկ է, քանի որ Ռուսաստանում լեգեոներ դարպասապահներ չեն լինում։ Գուցե այս տողերի տակ ինչ-որ ուղերձ էր թաքնված։ Մենք սիրում ենք կրկնել, որ հավաքական գալու համար ֆուտբոլիստը պետք է ոչինչ չպահանջի՝ ո՛չ գումար, ո՛չ թանկ տոմս, այլ գա ու սիրով խաղա։ Այս պահին դա բավական չէ։ Իսկ հանրությունը բաժանվեց երկու մասի. ոմանք կարծում էին, որ ամեն ինչ պետք է անել՝ Յուրչենկոյին բերել համար, մյուսներն էլ նրան գրողի ծոցն էին ուղարկում։ Համացանցում առավել ակտիվ էին երկրորդ խմբի ներկայացուցիչները: Սակայն փաստն այն է, որ նա չեկավ։ Իսկ Բեգլարյա՞ն, թե՞ Մելիքսեթյան... Ես չեմ կարող պատասխանել այս հարցին։

Մարզիչը

Ազգային հավաքականի վերջին երկու մարզիչները՝ Վարուժան Սուքիասյանն ու Սարգիս Հովսեփյանը, անփառունակ կերպով հեռացան հավաքականից։ Ո՛չ սկանդալ եղավ, ո՛չ ողբերգություն։ Սակայն Սուքիասյանը, ում հայ երկրպագուն ավելի շատ հիշում է որպես երիտասարդական հավաքականի մարզչի, որի թիմը հաղթեց թուրքերին, իր հաշվին գրանցեց մի շարք պարտություններ, այդ թվում՝ Ռումինիայի հետ խաղում ջախջախումը։ Վերջում էլ պարզվեց, որ լրագրողներն են մեղավոր ֆուտբոլիստների վնասվածքների մեջ։

Սարգիս Հովսեփյանի նշանակումն ավելի աղմկահարույց էր։ Նա՝ գրեթե անփորձ, ստանձնեց հավաքականի ղեկը։ Արդյունքները հիշում եք։ Սակայն այս երկու մասնագետներն էլ մինչ հավաքական վերադառնալը երբեք եւ ոչ մի դեպքում մեծ քննադատության չէին արժանանում։ Մեկը երկարամյա ավագն էր, մյուսը՝ հաղթանակներ բերած մարզիչ։ Այժմ նրանց անունը տալիս ավելի շատ հիշում են վերջին պարտություններն ու թեւավոր դարձած նրանց արտահայտությունները։

Գիտե՞ր, արդյոք, այդ մասին Արթուր Պետրոսյանը։ Իհարկե՝ գիտեր։ Գիտե՞ր, որ գալիս է ստանձնելու մի հավաքականի ղեկավարությունը, որտեղ կադրային բազմաթիվ խնդիրներ կան։ Խնդիրներից զատ՝ հավաքականի շուրջ անդադար լարվածություն էր տիրում. երկրպագուների, լրագրողների դժգոհություններ, հավաքականից դուրս մնացած ֆուտբոլիստներ։Չնայած այս ամենին՝ նա եկավ։ Արթուր Պետրոսյանը մեծ թիմերում գլխավոր մարզչի աշխատանքի փորձ չունի։ Նա ավելի շատ երիտասարդական թիմերի է մարզել։ Փորձի պակասը լրացրեց նրա համբավը։ Հայաստանում ո՞վ չի սիրում Արթուր Պետրոսյանին, ո՞վ չի հիշում նրա խաղերը, ո՞վ չի զգում, որ նա համեստ մարդ է։

Արթուր Պետրոսյանը գալիս է ու ասում է, որ ինքն է որոշելու կազմը՝ բացի Յուրա Մովսիսյանի հետ կապված խնդրից։ Եվ հենց Արթուր Պետրոսյանի ժամանակ Յուրայի հարցը վերջնականապես փակվում է, քանի որ Սուքիասյանն ասում էր, որ ԱՄՆ-ում ցանկացել է հանդիպել Մովսիսյանի հետ։

Արթուր Պետրոսյանի առաջին խաղը հաղթական էր։ Թիմը կամային հաղթանակ տոնեց։ Բոլորը ոգեւորվեցին ու փակեցին տարին: Բայց ոգեւորության եւ ուրախության տակ մի իրականություն կա. նույն կազմը, խնդիրներն ու շատ այլ հարցեր։

Արթուր Պետրոսյանին բոլորն են սիրում եւ չեն ցանկանում քննադատել, բայց հավաքականի վերջին չորս խաղերը ցույց են տալիս, որ մեր թիմը չունի մարտավարություն, չունի ձեռագիր։ Այս ամենը ցույց է տալիս, որ հավաքականի մարզիչն այս հարցերում դեռ փորձի պակաս ունի։ Անգամ ոչ պրոֆեսիոնալ աչքով կարելի է տեսնել, որ մեր կազմով ու հնարավորություններով Լեհաստանի հետ հարձակողական ֆուտբոլ խաղալ պետք չէր։ Դանիան մեզ պատժեց։ Ինչո՞ւ մեր սխալներից չսովորեցինք։ Ինչո՞ւ ոչինչ չփոխվեց։ Ժամանակին մի քանի լրագրողներ քննադատում էին Շալանդին։ Նրա հեռանալն էին ուզում։ Գուցե անձնական նկատառումներով, բայց Շալանդը խաղից խաղ փորձարկումներ էր անում։ Առանց Մխիթարյանի եւ Մովսիսյանի նա սերբերի հետ ոչ ոքի էր խաղում։ Պորտուգալիան մեզ հաղթեց միայն Ոսկանյանի անփույթ խաղի շնորհիվ։ Շալանդը յուրաքանչյուր մրցակցի համար տարբեր խաղ էր մշակում։ Պետրոսյանի խաղային ձեռագիրը հասկանալի չէ։ Եվ նա ձեռագիր ստեղծելու երկար ժամանակ ուներ։ Արթուր Պետրոսյանը կրկին մնում է մեր սիրելի ու լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Մարդ, որին միշտ շնորհակալ կլինենք իր խփած գոլերի համար։ Բայց չորս խաղում երեք ջախջախիչ պարտություն կրած մարզիչը ցանկացած երկրում հեռանում է։

Միշտ ասվում է, որ մեր մարզիչը պետք է հայ լինի։ Մարզչի արյունը կամ մաշկի գույնը չեն, որ որոշում են նրա աշխատանքի որակը։ Մեր մարզիչը պետք է ուժեղ ստրատեգ լինի, լավ փորձ ունենա եւ մեր ֆուտբոլիստների համար օրինակելի մեկը լինի։ Իհարկե՝ այդպիսի մարզիչները թանկ են գնահատում իրենց աշխատանքը: Բայց այդպես է ոչ միայն այս դեպքում. որակյալը միշտ էլ թանկ է։

Այսպես կոչված մթնոլորտը

Հավաքականի խաղերից առաջ մեր ֆուտբոլիստները միշտ ասում են, որ թիմում հիանալի մթնոլորտ է։ Մարզումների ժամանակ միշտ ժպտում են, ամեն ինչ իդեալական է թվում։ Բայց խաղերից հետո հաճախ երկրպագուներին ու լրագրողներին չեն ցանկանում մոտենալ։

Մթնոլորտի վատթարացման մասին սկսեցին խոսել երկու տարի առաջ, երբ թիմից հեռացվեցին մի քանի ֆուտբոլիստներ։ Որքան էլ մեղադրենք  Յուրա Մովսիսյանին, որը «Սպարտակ»-ում մեծ գումարներ աշխատելուց հետո փոխվեց, մեծամտացավ, սկսեց մատների արանքով նայել թիմի մարզումներին եւ կարգապահությանը, չի կարելի չփաստել, որ մեր թիմի վերելքը սկսվեց հենց նրա գալով։ Յուրան եկավ, եւ թիմի ոգին աճեց։ Յուրան, չլինելով թիմի ավագը, կարծես նրա առաջնորդ էր։ Դա երեւում էր անզեն աչքով։ Յուրայի գալը համընկավ նաեւ Մխիթարյանի փայլուն խաղաշրջանի մեկնարկի հետ։ Բայց Մխիթարյանը հիմա կա ու կարգով ավելի բարձր է, քան առաջ, բայց չկա Յուրան... եւ թիմն այսպես է խաղում։ Այո՛, այս պահին Մովսիսյանն ԱՄՆ-ում լավ արդյունքներ չի ցուցադրում։ Եվ շատ հավանական է, որ շուտով ավարտի կարիերան։ Հարցն այն չէ, թե ինչո՞ւ նա գնաց հավաքականից, հարցն այն է, թե ինչպե՞ս։ Նա դարձավ դավաճան, բայց մենք այդպես էլ փաստեր չունեցանք, թե ինչու։ Եթե նա կարգապահ չէր, գուցե պատժվե՞ր։ Չի կարող հավաքականի շարժիչը համարվող ֆուտբոլիստի՝ նման անփառունակ հեռացումը չվնասել թիմին։ Սա այն դեպքում, երբ վստահ չեմ, որ այս պահին Յուրան կարող է օգնել հավաքականին։ Բայց այն, որ նա թիմի կեսն էր, փաստ է... Իսկ նրան հանեցին եւ վերջ։ Այստեղ էլ սկսվեց, այսպես կոչված, «մթնոլորտը»։

Նույն բանը կարելի է ասել Ռոբերտ Արզումանյանի մասին։ Թիմի երկար տարիների երկրորդ ավագը, նրա խորհրդանիշը։ Նրա ժամանակ նույնպես գոլեր էինք ընդունում, բայց նա պաշտպանության գծում առաջնորդ էր։ Նա նույնպես դուռը դրսից փակեց: Նույնը՝ դարպասապահ Գեւորգ Կասպարովի պարագայում...

Այս ամենից հետո, եթե նույնիսկ երկու տարի է անցել, չի կարող ամեն ինչ հարթ լինել։ Մեր՝ հայկական ֆուտբոլով ապրողների սրտերը դեռ ցավում են այս ամենի համար։ Ֆուտբոլիստները գալիս, գնում են, բայց, հավանաբար, բոլորը գիտեն, որ մի օր էլ իրենց հետ են այդպես վարվելու:

Դատարկ մարզադաշտը

Լեհերի հետ մենք խաղացինք կիսադատարկ մարզադաշտում։ Անգամ այս խաղում, երբ հավաքականն արդեն մի քանի պարտություն էր կրել, երբ եղանակը բավական ցուրտ էր, խաղի տոմսերի գները չփոխվեցին։ Իհարկե՝ տոմսերը չեն կարող անվճար լինել։ Եվ ոչ ոք չի սպասում, որ դրանք 100 դրամ կարժենան։ Եթե կան պահանջներ, դրանց պետք է համապատասխանել, բայց, օրինակ, Ռումինիայում տոմսերի գինը սկսվում էր 1700 դրամից։ Այս անգամ լեհերի մեծ թվի շնորհիվ մարզադաշտն ակտիվ էր թվում։

Հիմնարար խնդիրները

Եվ վերջում՝ ամենաշատը քննարկվող հարցի մասին։ Հայկական ֆուտբոլի իրավիճակի պատճառը միայն ազգային հավաքականի մեջ չէ։ Ազգային հավաքականը դրա կարեւորագույն մասնիկն է՝ երկրպագուների ուրախությունը, ազգի դեմքը։ Բայց այսօր մեր ֆուտբոլում համատարած խնդիրներ են։ Տարբեր տարիքային հավաքականների՝ սարսափելի հաշվով պարտությունները, Հայաստանի առաջնության թիմերի քանակը, մարզադաշտերի խնդիրները, մանկապատանեկան ֆուտբոլի հարցերը։

Եթե երիտասարդական հավաքականի խաղերը կարողանում ենք դիտել եւ գնահատական տալ, ապա այսօր անգամ Ազգային առաջնությունը չի հեռարձակվում հեռուստատեսությամբ։ Մնացել է վեց թիմ, որոնք իրար մեջ պայքարում են Եվրագավաթներում խաղալու համար, որտեղ ինչ-որ եկամուտ կարող են վաստակել։ Թիմերն ամիսը մեկ անգամ խաղում են միմյանց դեմ։ Ֆուտբոլիստների զարգացման համար սա վատագույն սցենարն է։ Մանկապատանեկան ֆուտբոլում նոր փուլ է սկսվում։ Այսուհետև անխուսափելի է լինելու զինվորական ծառայության հարցը։ Մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք եւ պետք է զգոն լինենք, բայց երկու տարի բաց թողած ֆուտբոլիստն այլեւս չի կարողանա վերադառնալ նախկին մարզավիճակին եւ մեծ բարձունքների հասնել:

Երեւանի երկու մարզադաշտերից մեկը՝ լեգենդար «Հրազդանը», փլուզվում է։ «Հանրապետականը» չի կարող Եվրոպական կարեւորագույն մրցաշարերի եզրափակիչ խաղեր ընդունել։ Մինչդեռ հարեւան Վրաստանն ընդունեց Եվրոպայի Սուպեր Գավաթը, նոր վերանորոգված մարզադաշտում։ Բաքուն շուտով կընդունի Եվրոպայի լիգայի եզրափակիչն ու Եվրոպայի առաջնությունը։ Իսկ մենք... իսկ մենք դեռ թունելի վերջում լույս չենք տեսնում։ Գուցե դրա համար մեծ ու հիմնարար փոփոխություններ են պետք։ Ֆուտբոլն աշխարհում թիվ մեկ մարզաձեւն է, մարդկանց կյանքի մի մասնիկը: Եվ այսօրվա պատկերը բոլորիս համար է ցավալի։ Չկա խնդիր, որը լուծում չունենա։ Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք։ Այն, որ մեծ փոփոխություններ ենք պետք, պարզից էլ պարզ է...

Մարկեսն իր «Հարյուր տարվա մենության» վերջում ասում է. այն ազգերին, որոնք դատապարտված են հարյուր տարվա մենության, բախտ չի վիճակվի վերածնվել։ Մեր հարյուր տարին դեռ չի լրացնել, պետք է որ կարողանանք նորից ծնվել... մի օր...

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ