News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին վանաձորցիներն ու քաղաք ժամանած հյուրերը նշում են Վանաձորի օրը: Հյուրերի թվում էր նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ընկերակցությամբ շրջեց քաղաքում, մասնակցեց Բարեկամության երթին՝ դառնալով տոնական միջոցառման մասնակիցը:

Ողջ երթի ընթացքում ու դրան հաջորդող րոպեներին Սպիտակից Վանաձոր եկած 6 երեխաների հայրը՝ Միհրան Մելքումյանը փորձում էր մոտենալ վարչապետին ու ներկայացնել իր խնդիրը:

Վերջինիս ընտանիքը գտնվում է խիստ անապահով վիճակում, իսկ Գուգարաց թեմի առաջնորդ, տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նրան արգելել է սրբապատկերներ վաճառել Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու դարպասների հարևանությամբ՝ բազմանդամ ընտանիքին զրկելով եկամտի միակ աղբյուրից:

Միհրանին, սակայն, այդպես էլ չհաջողվեց մոտենալ վարչապետին մեծաթիվ ոստիկանների արգելքներին հանդիպելու պատճառով:

Որոշ ժամանակ անց նրան մոտեցավ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը, որի հետ զրույցից հետո Միհրանն ստիպված համաձայնվեց վարչապետին նամակ գրելու ու ոստիկանապետի միջոցով աշխատակազմին փոխանցելու առաջարկին:

Ավելի ուշ, միջոցառումից հեռացող տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին տեսնելով, Միհրանը շտապեց նրա մոտ: Օգտվելով մեր ներկայությունից, Միհրանը ևս մեկ անգամ խնդրեց եկեղեցու հարակից տարածքում թույլ տալ վաճառել իր նկարները: Մի քանի անգամ հարցը լսելուց հետո միայն սրբազանը պատասխանեց. «Անշուշտ, անշուշտ, բոլորիդ թույլ եմ տալիս, հրամմեցեք, բոլորդ»:

Տպել
Ամենաշատ