News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ընդամենը մի քանի ամիս առաջ ես առիթ ունեցա հրապարակայնորեն ներկայացնելու իրավապահ համակարգի վերաբերյալ իմ մի քանի պատկերացումները: Դատախազությունում հնչած իմ խոսքում իրավապահներին կոչ արեցի որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը: Նաեւ ընդգծեցի, որ այդ համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով:

Համոզված եմ, որ մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են: Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ:

Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարեւոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում:

Երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաեւ քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի եւ ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաեւ սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլեւ կազմակերպում են այն:

Բնականաբար, նման գործառույթն ավելացնում է քննչական մարմինների պատասխանատվության բեռը: Դա հատկապես արտահայտվում է հանցավորության դեմ պայքարում եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Անշուշտ, այստեղ մեծ է դատախազների եւ դատավորների դերակատարումը: Բայց քննիչները եւ նրանց վերադասները պետք է հստակ գիտակցեն պատասխանատվության սեփական բաժինը: Դատախազական հսկողությունը կամ դատական վերահսկողությունը քննիչները չպետք է դիտարկեն, այսպես ասած, որպես «փրկության օղակ», որպես պատասխանատվությունը նվազեցնող հանգամանք:

Ձեր գործողությունների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքի տերը դուք ինքներդ եք: Ձեր հաջողությունների եւ անհաջողությունների պատճառներն առաջին հերթին պետք է ներսում փնտրեք եւ համապատասխան հետեւություններ անեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ