News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ից 7-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելել է Հալեպ, որի շրջանակներում ծանոթացել է շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին եւ քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրել է հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկել է այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաեւ հանդիպումներ է ունեցել Հալեպի նահանգային իշխանությունների հետ:

Հայաստանի ԱԳՆ-ից  NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հյուպատոսության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվեցին հալեպահայ համայնքի եւ Հալեպի նահանգային իշխանություների հետ համագործակցության խորացման հնարավորությունները:

Հանդիպումից հետո դեսպան Փոլադյանը գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելեց հյուպատոսության հիմնական շենք եւ ծանոթացավ շենքի ընդհանուր վիճակին՝ ուսումնասիրելով հյուպատոսության աշխատանքները հիմնական շենքում վերսկսելու հնարավորությունը: (2012թ.-ին զինյալների հարձակման պատճառով հյուպատոսությունը տեղափոխվել է ավելի ապահով հայաբնակ թաղամաս):

Հոկտեմբերի 5-ին դեսպան Փոլադյանը հանդիպեց Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ, որի ընթացքում նահանգապետն ամփոփ ներկայացրեց Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում կրած նյութական վնասները, այն թվում՝ տնտեսության, արտադրության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների եւ ծառայությունների այլ ոլորտներում ներկա իրավիճակը:

Հուսեյն Դիաբն անդրադարձավ նաեւ քաղաքի վերականգնման մի շարք նախագծերի իրականացմանը եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Զրուցակիցները քննարկեցին այդ նախագծերին Հայաստանի մասնակցության, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության աշխուժացման հեռանկարները:

Նահանգապետը կարեւորեց Հալեպի հայ համայնքի դերը քաղաքի տնտեսական, մշակությային եւ հասարակական կյանքում՝ վստահություն հայտնելով, որ հալեպահայությունն իր մեծ ներդրում կունենա քաղաքի վերականգնման եւ խաղաղ կյանքին վերադառնալու գործում: Նահանգապետը շատ բարձր գնահատեց Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, որը լավագույնս դրսեւորվել է Հալեպում շրջափակման օրերին ՀՀ գլխավոր հյուպատոսության անխափան գործունեությամբ:

Նույն օրը Հալեպի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու սրահում կայացավ դեսպան Փոլադյանի հանդիպումը Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հոգեւոր առաջնորնդեր, հալեպահայ համային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային ականավոր գործիչներ:

Հալեպահայերին ուղղված իր խոսքում դեսպանը նշեց, որ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում կայացրեց Սիրիայում պահել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հնարավորության սահմաններում զորավիգ լինել սիրիահայությանը: Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է ուշադրության կետրոնում պահել հայության խնդիրները եւ գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը հայրենակիցների հոգսերը թեթեւացնելու համար: Ելույթի ավարտին դեսպանը հալեպահայ համայնքին ներկայացրեց Հալեպում նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանին:

Միջոցառման ընթացքում Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը դեսպան Փոլադյանին հանձնեց Բերիո թեմի «Ծառայության» շքանշանն՝ ի նշան սիրիահայության երախտագիտության դեսպանի երկարամյա արգասաբեր ծառայության:

Հոկտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցավ դեսպան Փոլադյանի՝ հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ վերջերս լույս տեսած՝ «Հայ-սիրիական հարաբերություններ՝ պատմական գործընկերություն» խորագրով արաբերեն մենագրության շնորհանդեսը:

Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաեւ Հալեպի հայկական հոգեւոր, մշակությաին, կրթական հաստատություններ՝ այդ թվում Քառասուն Մանկաց եւ Սուրբ Գեւորգ եկեղեցիներ, Կարեն Եփփե ճեմարան, Սիրիայի Օգնության խաչի բժշկական կենտրոն»:

Տպել
Ամենաշատ