News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է Երեւան քաղաքում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին: Շրջելով տոնավաճառի տաղավարներով՝ նախարարը ծանոթացել է գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների եւ աշխատանք փնտրող քաղաքացիների հետ:

«Յուրաքանչյուր տարի մենք աշխատանքի տոնավաճառներ ենք կազմակերպում Երեւան քաղաքում եւ հանրապետության մարզերում: Այս ձեւաչափը համարում եմ ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը թե՛ գործատուի, եւ թե՛ աշխատանք փնտրողի տեսանկյունից, քանի որ այստեղ գորածատուն եւ աշխատանք փնտրողը գտնվում են նույն հարթակում: Այսօր տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում են շուրջ 1000 թափուր աշխատատեղ եւ կարծում եմ՝ բազմաթիվ աշխատանք փնտրողներ կօգտագործեն այս հնարավորությունը եւ կգտնեն իրենց գիտելիքներին եւ հմտություններին համապատասխան աշխատանք»,-ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարը նշել է նաեւ, որ ներկայում քայլեր են արվում երիտասարդ մայրերին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու, մասնավորապես՝ աշխատանքը երեխային խնամելուն զուգահեռ կազմակերպելու ուղղությամբ: «Տարբեր վերլուծությունների համաձայն այսօր կանանց ներուժը ոչ լիարժեք է օգտագործվում եւ աշխատաշուկայում նրանց ընդգրկվածությունը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան: Առաջիկայում փորձելու ենք զբաղվածության քաղաքականության մեջ շեշտադրումները տանել հենց այդ ուղղություններով»,-ընդգծել է նախարարը:

2017թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Երեւան քաղաքում կազմում է շուրջ 14.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.4%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 76.6%-ը կամ 11.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.9%-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.7%-ը: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 18.0%-ը երիտասարդ է, 4.6 %-ը` հաշմանդամություն ունեցող անձ:

Ըստ ԱՎԾ-ի տվյալների Երեւան քաղաքում գործազրկության մակարդակը 2016թ. կազմել է 29.1%, որը 2015թ.-ի նկատմամբ նվազել է 1.1%-ով: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտությունների, տնտեսագիտության եւ կառավարման, կրթության եւ մանկավարժության, շինարարության եւ ճարտարապետության, սպասարկման, թեթեւ արդյունաբերության ոլորտի մասնագետները:

Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 42.9%-ը: Ըստ կրթական ցենզի հետբուհական եւ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 25.9%-ը, թերի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 23.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 8.1%-ը, միջնակարգ ընդհանուր՝ 33.8%-ը, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր եւ տարրական կրթություն ունեցողները՝ 9.0%-ը:

Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 18.0%-ը, 30-44 տարեկանները` 37.2%-ը, 45-54 տարեկանները՝ 24.4 %-ը, 55-ից բարձր տարիքի անձինք` 20.4 %-ը:

Տարեսկզբից Երեւան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 1770 աշխատանք փնտրող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ