News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի տարածքից դուրս կբերեն իրենց ռազմական բազանենրը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն՝ անդրադառնալով ՆԱՏՕ–ի անդամ երկրներ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացմանը։

«Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները օրեցօր վատթարանում են, պատճառները տարբեր են, կարեւորագույն պատճառն այն է, որ ժողովրդավարության աստիճանը Թուրքիայում օրեցօր վատանում է։ Թուրքիայի նախագահի թիկնապահների լկտի պահվածքը ԱՄՆ–ում բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ չէր կարող անհետեւանք մնալ։ Սա արտահայտում էր Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում ընդհանուր վիճակը։ Մյուս հանգամանքը, որ այդ երկու պետությունների միջեւ լրջագույն խնդիր է առաջացնում, այն է, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքում պարզ աջակցում է թե Սիրիայի, թե Իրաքի քրդերին։ Դա թուրքերի համար համարվում է աջակցություն, որը կբերի քրդական պետության ստեղծմանը։ Սա շատ նյարդայնացնում է թուրքերին»,–ասել է քաղաքագետը։

 Նրա խոսքով, այս լարվածությունը կարող է ավելի խորանալ, քանի որ հենց Թուրքիան է նախաձեռնողը ու լարվածություն ստեղծողը։ Ակնհայտ է, որ սա հեռու կարող է գնալ։ Եթե Միացյալ Նահանգները որպես խոշոր խաղացող կարող էին ինչ–որ պահի կանգնել, ապա Թուրքիան քանի որ շատ ավելի թույլ է, պրովոկացիաները է անում։ Ռուսաստանից Թուրքիայի Ս–400 համակարգերի գնումը որակական փոփոխություն է, սա Ռուսաստանում լոլիկ վաճառել չի։ Սա նշանակում է՝ Թուրքիան իր օրիենտացիան փոխում է եւ քաղաքական լարվածություն վարելով՝ մի բան չհասկացավ, որ ամերիկացիների հետ այդպես պետք չէ վարվել»,–նշել է Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ Թուրքիան այդուհանդերձ շարունակում է խոսել շանտաժի լեզվով։

«Թուրքիան շանտաժով է խոսում, թե եթե քրդերին աջակցի Նահանգները, ապա ինքն էլ ռազմական համագործակցություն կսկսի Ռուսաստանի հետ։ Սա շատ հեռուն կարող է գնալ, ես չեմ բացառում, որ Միացյալ Նահանգները դուրս կբերեն Թուրքիայի տարածքից իրենց ռազմական բազաները։ Թուրքիան անկանխատեսելի քայլեր է անում ընդդեմ ամերիկյան շահերի»։

Տպել
Ամենաշատ