News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում որեւէ քայլ իրականացնել ԵՏՄ տարածք առանց մաքսազերծման միայն մինչեւ 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանքի ներմուծման մասին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի սահմանած պահանջները փոփոխելու համար:

Ի պատասխան «168 ժամ»-ի հարցման` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունից հայտնեցին, որ մինչեւ ԵՏՄ կողմից սահմանափակումների մասին որոշումն ընդունելը առանց հավաստագրի բարձր ռիսկայնության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի քանակությունների հարցը բազմիցս է քննարկվել: Իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով որեւէ փոփոխություն իրականացվում է հանձնաժողովի եւ անդամ պետությունների հետ քննարկման եւ համաձայնեցման արդյունքում, որը, որպես կանոն, ժամանակատար եւ կոնսենսուսային գործընթաց է:

«Հայաստանի Հանրապետությունից բացի` ԵՏՄ անդամ մյուս 4 երկրների ներկայացուցիչներն ի սկզբանե դեմ էին, որ լինեն թույլատրելի քանակություններ, դեռ ավելին` առաջարկում էին արգելել ֆիզիկական անձանց ուղեբեռով բուսական ծագման ապրանքների ներմուծումը ԵՏՄ տարածք` դրանցում բազմիցս վտանգավոր կարանտին օրգանիզմներ հայտնաբերելու եւ հնարավոր բացասական հետեւանքների հիմնավորմամբ:

Բանակցությունների ժամանակ Հայաստանին հաջողվել է հիմնավորել թույլատրելի քանակ սահմանելու անհրաժեշտությունը, որի արդյունքում որոշվել է թույլատրել առանց բուսասանիտարական հավաստագրի մինչեւ 5կգ բարձր ռիսկայնության բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը ԵՏՄ տարածք: Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով ավելի քան 1 տարի ձգված բանակցությունները` Եվրաիական տնտեսական միության հանձնաժողովի 2016 թ. նոյեմբերի 30-ի N157 որոշման մեջ փոփոխություններ կատարելը եւ թույլատրելի շեմը բարձրացնելը այս պահին արդյունավետ չի լինի»,- նշված է նախարարության պատասխանում:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 1-ից: Այն չի առնչվում ապրանքների մաքսազերծման գործընթացին, այլ վերաբերում է բուսասանիտարական հսկողության ապրանքների փաստաթղթավորմանը: 5կգ-ից ավելի դեպքում կարանտին բուսասանիտարական անվտանգությունը հավաստող բուսասանիտարական հավաստագրեր պետք է ունենան բոլոր տեսակի մրգերն ու բանջարեղենը, անգամ 3 փնջից ավելի ծաղիկները:

Ուշագրավ է, որ այս ամենում արտոնյալ կարգավիճակ ունի ձմերուկը: Օրինակ` եթե անգամ գերազանցում է 5 կգ-ը, հաշվի առնվում, որ այն 1 ամբողջական միավոր է եւ այդ դեպքում ներմուծումը չի արգելվում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի որոշումն անակնկալի էր բերել եւ լուրջ խնդրի առաջ էր կանգնեցրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներին, քանի որ նրանցից շատերն իրենց ապրուստը վաստակում էին Վրաստանից միրգ ու բանջարեղեն բերելով: Տեւական ժամանակ նրանք սահմանային անցակետի մոտ բողոքի ակցիաներն իրականացրին, սակայն` ապարդյուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ