News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը եւ «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրել են «Էրեբունի-Երեւան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երեւանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները:

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երեւանի քաղաքապետարանը եւ «Skyball» ընկերությունը:

Ողջունելով ներկաներին` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ երեւանյան տոնական միջոցառումների հարուստ ցանկում ներառված այս նորամուծությունն իսկական նվեր կլինի երեւանցիների եւ  մայրաքաղաքի հյուրերի համար: Մասնավորապես, այս պահի դրությամբ Ռուսաստանից, Բուլղարիայից, Բելառուսից եւ Լիտվայից ժամանած մասնակիցները 14 օդապարիկներով թռիչքներ կկատարեն Երեւանի երկնքում եւ վայրէջք կկատարեն Երեւանի վարչական սահմաններից դուրս: «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն էլ տեղեկացրել է, որ թիմերի համար օդում նախատեսված են որոշակի առաջադրանքներ: Ըստ այդմ, առավելությունը կտրվի այն անձնակազմերին, որոնց օդապարիկները երեւանյան երկնքում ավելի երկար կմնան:

Փատառոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, Հանրապետության հրապարակում: Բացման եւ հաջորդող օրերի համար նախատեսված է միջոցառումների հետեւյալ ժամանակացույցը.

Հոկտեմբերի 14

15:30. Հանրապետության հրապարակ. փառատոնի պաշտոնական բացումը:

16:40.  Օդապարիկները նախապատրաստումը թռիչքի:

17:00. Թռիչք Երեւանի երկնքում՝ 1,5 ժամ տեւողությամբ:

Հոկտեմբերի 15

07:00.  Հանրապետության հրապարակ կամ Ազատության հրապարակ (կախված եղանակային պայմաններից). մեկնարկ եւ օդապարիկների միաժամանակյա թռիչք Երեւանի երկնքում:

17:00. Հանրապետության հրապարակ. թռիչքներ եւ երաժշտական ծրագիր:

19:00. Օդապարիկների՝ լուսավորությամբ ուղեկցվող շոու:

Հոկտեմբերի 16, 17

Թռիչքներ Գառնու եւ Ապարանի ջրամբարի հարակից տարածքերում` կախված եղանակային պայմաններից:

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 15-ին նախատեսված թռիչքներին, որոնց ընթացքում օդապարիկները ճոպաններով կապված լինելու պատճառով կհասնեն միայն որոշակի բարձրության, կարող են մասնակցել նաեւ քաղաքացիները` նախապես անցկացվող մրցույթներում հաղթելու պարագայում: Ամենայն հավանականությամբ փառատոնը կդառնա ավանդական` ընդլայնելով  մասնակից երկրների ցանկը: Մինչ այդ, կազմակերպիչներն անմոռանալի զգացողություններ են խոստանում 1-ին փառատոնի մասնակիցներին եւ հույս հայտնում, որ այդ օրերի համար կանխատեսված բարենպաստ եղանակային պայմանները չեն փոփոխվի:

Տպել
Ամենաշատ