News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հետապնդում է երեք նպատակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վորլդ Վիժն Հայաստանի» երեխաների պաշտպանության եւ կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Նրա խոսքով, օրենքի նախագծով նպատակ կա առաջին հերթին ստեղծել իրավական  կառուցակարգեր, որոնք կտրամադրեն ֆիզիկական, իրավական, սոցիալական եւ հոգեբանական պաշտպանություն այն անձանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության. «Երկրորդը` կանոնակարգել այդ կառույցների  գործունեությունը, երրորդը, որն ամենակարեւորն է ու պակասում է այսօր, ստեղծել մեխանիզմներ,  որոնք կառողջացնեն ընտանիքում ստեղծված այդ անառողջ մթնոլորտը»:

Անրադառնալով հարցին, թե ինչպիսի պաշտպանական միջոցներ է առաջարկում այս օրենքի նախագիծը, որոնք այսօր գործող օրենսդրության մեջ բացակայում են, Մուրադյանը արձագանքեց. «Օրենքի նախագիծն ասում է, որ երբ ընտանիքում կա բռնություն, ոստիկանությունն առաջին ահազանգի ժամանակ պաշտոնապես նախազգուշացնում է բռնություն կիրառող անձին: Երկրորդն անհետաձգելի միջամտության որոշումն է։ Այսինքն` այն բոլոր դեպքերում, երբ բռնության ենթարկվածի մնալը բռնություն կիրառողի հետ միեւնույն հարկի տակ նպատակահարմար չէ, որովհետեւ դա կարող է սպառնալ նրա կյանքին եւ առողջությանը, պետք է անհետաձգելի միջամտության որոշում կայացվի: Մինչեւ 20 օր տեւողությամբ սահմանափակվում են բռնություն կիրառողի որոշ իրավունքներ: Սա արվում է մի նպատակով, որ հետապնդումներն ու կրկնակի բռնության դեպքերը բացառվեն: Իսկ երրորդ պաշտպանության տեսակը  պաշտպանական որոշումն է, որն ընդունվում է դատարանի կողմից.  6-9 ամիս տեւողությամբ ժամանակահատվածում բռնության ենթարկվածի համաձայնության առկայության պարագայում անձը կարող է տեղափոխվել ապաստարան»:

Ինչ վերաբերում է մտավախությանը, թե այս օրենքով երեխային ծնողից խլելու հնարավորություն է ստեղծվում, Մուրադյանն ասաց, որ այդ հարցը կանոնակարգում է Ընտանեկան օրենսգիրքը, թե որ դեպքերում է սահմանափակվում ծնողի իրավունքը, եւ դա կատարվում է դատական կարգով:

Հարցին, թե ինչու է պետք նոր օրենքը, Մուրադյանը պատասխանեց. «Որովհետեւ ընտանեկան բռնությունը շատ լատենտային է, գաղտնի: Ոստիկանությունը եւ այլ պատկան մարմիններ ունեն տվյալներ, թե որքան է Հայաստանում ընտանեկան բռնությունը, բայց այդ տվյալները պետք է եռապատկել ու քառապատկել, որովհետեւ այս երեւութը մեծ լատենտայնություն ունի:

Երկրորդ, եթե ձեզ ծեծում են փողոցում, դուք դրանից հետո կգնաք տուն, ընտանեկան ջերմ մթնոլորտում կվերականգնվի ձեր ֆիզիկական ու հոգեբանական վնասները: Ընտանեկան բռնության դեպքում՝ մարդը մնում է նույն միջավայրում, որտեղ բռնության է ենթարկվում»:

Իր խոսքի վերջում նա կոչ արեց չպայքարել մտացածին հրեշների դեմ, որոնք իրականում չկան:

Տպել
Ամենաշատ