News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը չի վերաբերում հայրական ապտակին կամ երեխային խրատելուն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Քննարկում է եղել օրենքի նախագծի ընդդիմախոսների հետ, մենք փորձում ենք հասկանալ տարբեր դիրքորոշումները։ Հիմա մենք էլ պետք է աշխատենք. առավել պրոֆեսիոնալ քննարկումներ են անհրաժեշտ, մտահոգությունները վեր հանելու, փարատելու համար»,-ասաց նա:

Օմբուդսմենի խոսքով` օրենքի նպատակներից մեկը պետք է լինի ընտանեկան արժեքների խթանումը երկրում եւ ավանդական ընտանեկան արժեքների ամրապնդումը, ընտանիքի պաշտպանությունը. «Պետք է հաշվի առնել, որ ընտանիքում բռնության դեպքերը աճի միտում ունեն, դա մտահոգող է: Արդեն վիճակագրական տվյալները ներկայացվել են իրավապահ մարմնի կողմից: Ես հույս ունեմ` այս քննարկումները կբերեն ընդհանուր մոտեցումների, որովհետեւ դրանք պետք է հիմա տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ, հասկանալու համար որոնք են այս կամ այն կողմի համար մտահոգելի հարցերը եւ աշխատել այդ ուղղությամբ»:

Թաթոյանը նշեց, որ նախագծում առավել շատ քննարկման առարկա են դարձել հոգեբանական եւ տնտեսական բռնությունների մասը: «Այդ քննարկումները, որին մենք էլ ենք մասնակցում, հենց դրան են ուղղված` փորձում ենք հասկանալ, թե որոնք են այդ մտահոգությունները եւ հնարավոր կիրառության ժամանակ, որտեղ կարող ենք խնդիր ունենալ»:

Լրագրողների հարցին` ավանդական հայկական ընտանիքի քայքայման ռիսկեր կա՞ն, նա արձագանքեց. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում սա, չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները: Առաջարկելու ենք ձեւակերպումներ, որոնք հատկապես կամրագրեն այդ նպատակները, որ օրենքը չի կարող երբեւէ խաթարել ավանդական ընտանեկան արժեքները։ Սահմանադրությամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Պետության համար առողջ հասարակություն ունենալու համար չափազանց կարեւոր է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները լինեն լրիվ առողջ, որովհետեւ երեխան ունի ընտանիքում ապրելու լիիրավ իրավունք, հետեւաբար. ընտանիքում պետք է մեծանա առողջ երեխա, եւ նաեւ պետությունը պետք է ստեղծի այդ պայմանները»:

Թաթոյանը հավելեց նաեւ, որ այս օրենքը չի վերաբերելու երեխային խրատելուն, ծնողական ապտակին եւ դաստիարակությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ