News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական սահմանին հոկտեմբերի 10-ին ժամկետային զինծառայող է զոհվել: Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանը: Վիրավորված 18-ամյա զինծառայողին հոսպիտալացրել են, որտեղ վիրահատվել է: Ավելի ուշ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներից Չապլին Մարգարյանը մահացել է: Չապլին Մարգարյանն Արմավիր գյուղից էր, 8 ամիս առաջ էր բանակ զորակոչվել: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ զինծառայողը վիրավորվել է զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ:

Սոչիում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: Նախագահները նեղ կազմով անցկացված նիստում քննարկել են մի շարք առանցքային ուղղություններով ԱՊՀ անդամ երկրների համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հավաքին մասնակցել եւ ելույթ է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը: Նշելով, որ նախատեսվում է հաջորդ տարի Գորիսը հայտարարել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, նա կազմակերպության երկրների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել միջոցառումներին, որոնք 2018 թվականին անցկացվելու են Գորիսում: Ի դեպ՝ ենթադրություններ էին հնչում, որ Սոչիում գտնվող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, հնարավոր է, հանդիպեն: Այդ մասին, սակայն, որեւէ տեղեկություն մինչեւ հիմա չկա:

Մինչ այդ, Սոչիում կայացել է նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նիստի օրակարգում ներառված էին մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների եւ արդյունաբերության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ներկայացվել է նաեւ միության Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից:

Երեւանի ավագանու նիստն այսօր թեժ մթնոլորտում է անցել: Արտավազդ Փելեշյանին, Նառա Շլեփչյանին, Ռազմիկ Դավոյանին եւ Ռալֆ Յիրիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու գործընթացը վերածվել է բանավեճի, իսկ հետո ավագանու անդամները սահուն կերպով անցել են փոխադարձ վիրավորանքների: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իր ելույթում նշել է, որ այս 4 անձինք Երեւանի համար ոչինչ չեն արել, նրանք լռել են այն ընթացքում, երբ Տարոն Մարգարյանն ու իր թիմը քանդում էին Երեւանը, եւ հենց այս պատճառով է քաղաքապետը որոշել նրանց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել:

Մարինա Խաչատրյանի ելույթին պատասխանել է ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը: Նա այնքան է բորբոքվել, որ «Երկիր Ծիրանիի» անդամներին համեմատել է ադրբեջանցիների հետ, հետո էլ անցել վիրավորանքների: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը բառապաշարով շատ չի տարբերվել Լեւոն Իգիթյանից. նա «Երկիր Ծիրանիի» անդամներին մեղադրել է տգիտության, անտեղյակության մեջ եւ խորհուրդ է տվել «ռեխները փակել» ու «փլեյբեյությամբ» չզբաղվել: Ինչեւէ, ավագանու բոլոր անդամները՝ բացառությամբ «Երկիր Ծիրանիի», կողմ են քվեարկել Փելեշյանին, Շլեփչյանին, Դավոյանին ու Յիրիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշմանը, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին կոչ է արել հոկտեմբերի 14-ին մասնակցել Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Մեկամյա գործունեությունն ամփոփելու հերթն այսօր գյուղատնտեսության նախարարինն էր: Իգնատի Առաքելյանը խոսել է ոլորտում իրականացված եւ իրականացվելիք ծրագրերից: Նախարարը նաեւ նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունում նոր ներդրումներն արդեն հասել են 50 միլիոն դոլարի։ Ներդրումները ուղղվել են ինտենսիվ այգիների տնկմանը, ինչպես նաեւ վերամշակող ընկերությունների եւ անասնաբուծական տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը: Եվ չնայած տարվա ավարտին երեք ամիս ժամանակ է մնացել, Իգնատի Առաքելյանը հույս ունի, որ 2017-ին Հայաստանի ագրարային հատվածում ներդրումների ծավալը կկազմի 120 մլն դոլար:

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումն Առաքելյանն այնքան էլ մտահոգիչ չի համարում: Պնդում է. կախված եղանակային պայմաններից՝ կարող են շեղումներ լինել: Լրագրողներին, սակայն, ամենաշատը հետաքրքրել է վերջին շրջանում մթերքների թանկացումների հարցը: Նախարարը ծիծաղով է արձագանքել. այսքան ցուցանիշ ներկայացրեցի, իսկ ձեզ միայն դա է հետաքրքրում: Իսկ թանկացումներ իսկապես եղել են, բայց խուճապի մատնվելու կարիք, նախարարի կարծիքով, չկա: Ի տարբերություն խոզի եւ ոչխարի մսի՝ տավարի մսի գինն այնքան էլ չի ավելացել, «ընդամենը» 100-150 դրամով:

Կատալոնիայի կառավարության ղեկավարն ու խորհրդարանի խոսնակը ստորագրել են անկախության հռչակագիրը, սակայն անկախություն չեն հռչակել: Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ հարկավոր է հարցը կարգավորել Մադրիդի հետ երկխոսության միջոցով: Պաշտոնական Մադրիդն արձագանքել է՝ անկախության հռչակագիրն անօրինական որակելով: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն էլ Կատալոնիայի իշխանություններից պահանջել է բացատրել, ի վերջո անկախություն հռչակե՞լ են, թե՞ ոչ: Եթե այո, ապա գործադրվելու է երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախատեսում է կասեցնել ինքնավար շրջանի ինքնակառավարման գործընթացը։ Հիշեցնենք, որ Կատալոնիայում Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին: Անկախությանը կողմ է քվեարկել իսպանական ինքնավար շրջանի բնակչության ավելի քան 90%-ը:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլին չի պայքարի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար: Այս մասին հայտնել է ինքը՝ Բյուբյուլօղլին: Տարածած հայտարարությունում նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանն ու նախագահին՝ իրեն վստահելու եւ աջակցելու համար, եւ պնդել, որ չի կարող պայքարել «հաղթանակի համար անհրաժեշտ 30 ձայնի համար», քանի որ մրցակցությունը մեծ է, իսկ այդ պաշտոնին հավակնում են մի շարք խոշոր պետությունների ներկայացուցիչներ: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը Փոլադ Բյուլբյուլօղլիի որոշմանն արձագանքել է թվիթերյան գրառմամբ՝ նշելով, որ «փողով ամեն ինչ չէ, որ հնարավոր է գնել»:

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ: Հոկտեմբերի 11-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 566, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Հոկտեմբերի 12-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ