News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ձիթողցյանների թանգարան օրական ընդամենը 1 կամ 2 զբոսաշրջիկ է այցելում, չնայած այցելուներին ցույց տալու շատ բան ունեն:

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի շենքը կառուցվել է 1872թ.-ին Պետրոս Ձիթողցյանի կողմից, հենց սա է պատճառը, որ շատերը սա գիտեն որպես Ձիթողցյանների թանգարան: Ձիթողցյանները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից եւ Ալեքսանդրապոլի մեծահարուստներից են եղել: Արդեն 33 տարի  այս շքեղ առանձնատունը թանգարան է դարձել:

Հենց մտնում ես շենքի կամարներից ներս, միանգամից հայտնվում ես 19-րդ դարի 30-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլում: Առաջինը ցույց են տալիս քաղաքի հատակագիծը, այնուհետեւ միայն առավել տարածված արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Այդ ժամանակաշրջանում, ինչպես գիդն է ներկայացնում, հայտնի են եղել ոսկերչությունը, դարբնությունն ու գորգագործությունը: Թանգարանի սրահներից մեկն ամբողջությամբ հենց գորգերին է նվիրված: Մեզ ուղեկցողը հպարտությամբ է նշում՝ ներկայացված ամենահին գորգը գործվել է 1904թ.-ին: 

Արվեստասեր Գյումրիի թանգարանը հնարավոր չէ պատկերացնել առանց ազգային թատրոնին, երաժշտական գործիքներին նվիրված սրահների: Գիդը հիշեցնում է՝ Ալեքսանդրապոլում առաջին կինը Զարուհի Քոլումյանն է եղել, որը կոտրելով կարծրատիպեր՝ 1873թ.-ին բեմ է բարձրացել: Նշենք, որ մինչ այդ թատրոններում կանանց դերը կատարել են անմորուս պատանիները: Թե ինչ է կատարվել Քոլումյանի բեմում հայտնվելուց հետո, դժվար չէ պատկերացնել: Ալեքսանդրապոլում ընդունված երաժշտական գործիքների կողքին նաեւ երկու հայտնի աշուղների՝ Ջիվանիի եւ Շերամին նվիրված անկյունն է: 

Հասնում ենք 19-րդ դարի ոճով կահավորված հյուրասենյակներին եւ ննջասենյակներին: Պետրոս Ձիթողցյանի տան կահավորումն է մեր աչքի առաջ. Եվրոպայից բերված թանկարժեք կահույք, անկյունում՝ շախմատ, իսկ կամարը խորհրդանշում է՝ ներկայացումներն այդ տարիներին ցուցադրվել են մասնավոր տներում:

Այցելուներին թերեւս ամենաշատը կհետաքրքրի տան օրիորդի սենյակը, որի կենտրոնում հարսի շորով օրիորդի մանեկենն է: Ավանդույթի համաձայն, օրիորդը սիրահարված է եղել դիմացը տանն ապրող աղքատ երիտասարդի, հայրը, իմանալով այդ մասին, որոշել է փակել աղջկան տանը՝ ասելով, թե «ղուշը կուզե թռնել»: Մինչեւ հիմա աղջիկը սպասում է իր սիրած տղային:

Թանգարանում ներկայացված ցուցադրություններից տպավորված՝ աշխատակիցներին հարցնում ենք, թե ինչ խնդիրներ կան:

«Ֆինանս»,- կարճ պատասխանում են նրանք, ապա հավելում. «Ասում են՝ այս տարի արդեն 1 կամ 2 մլն տուրիստ է եկել Հայաստան, բայց Գյումրի նրանցից շատ քչերն են գալիս: Մեր թանգարան օրական 1-2 տուրիստ է մտնում: Եթե շատ տուրիստներ գան, մենք էլ ֆինանսական խնդիրներ էլ չենք ունենա»:
Հսկայական առանձնատունը նաեւ մշտական խնամքի կարիք ունի: Աշխատակիցները հույս ունեն, որ այցելուների թվի աճը կօգնի լուծել շատ հարցեր, այդ թվում հատակի վերանորոգման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ