News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների եւ շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը եւ կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի եւ նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձեւավորման ու համագործակցության արդյունքում:

Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի եւ արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի եւ գործընկեր բուհի կողմից:

Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաեւ սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:

Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը եւ փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ