News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա նիստում խոսվել է ատոմակայանի չգործող էներգաբլոկի ապամոնտաժման մասին. այն ավելի քան 40 տարի կտեւի: ՀԱԷԿ-ի 1-ին էներգաբլոկը դադարել է գործել 1988-ի երկրաշարժից հետո: Դրա փակման ռազմավարությունն ընդունվել է 2007 թվականին, իսկ ապամոնտաժման ընդհանուր արժեքը գնահատվել է 310.37 մլն դոլար: Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է փակված էներգաբլոկի որոշ սարքավորումներ օգտագործել՝ գործող բլոկն արդականացնելու համար:

Տրանսպորտի նախարարությունն էլ Հայաստանի տրանսպորտային ցանցի միավորման նախագիծ է մշակում: Պիլոտային ծրագիրն արդեն պատրաստ է, շուտով կսկսեն իրականացնել: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ժամկետների մասին: Վահան Մարտիրոսյանի ներկայացրած ժամկետները, սակայն, վարչապետին չեն գոհացրել. նա նախարարին հանձնարարել է չձգձգել: Նշենք, որ Կառավարությունը նախատեսում է շրջաններում, հնարավորության դեպքում՝ նաեւ ամբողջ հանրապետությունում միավորել տրանսպորտային ցանցը եւ հանձնել մեկ կամ մի քանի օպերատորի: Ենթադրվում է, որ նրանք կկարողանան ոչ մեծ գյուղերի կորուստները ծածկել միջքաղաքային գծերի եկամուտների հաշվին:

Կառավարության նիստից հետո լրագրողները Վահան Մարտիրոսյանին հարցրել են աջակողմյան ղեկով մեքենաների արգելքի՝ աղմուկ բարձրացրած խնդրի մասին: Նախարարը նշել է, որ դեռ քննարկումներ են ընթանում, եւ այդ մեքենաների շահագործման արգելքի ժամկետներ դեռ չկան: Մարտիրոսյանը նաեւ վստահեցրել է, որ օրենքի ընդունման դեպքում ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների կտրուկ թանկացում չի լինի:

«Խոսրովի անտառ» արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի դեպքով հարուցված քրեական գործով արդեն մեղադրյալ կա: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ մեղադրանք է առաջադրվել արգելոցի մի աշխատակցի: Որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ օրեր առաջ բնապահպանության նախարարն արգելոցում բռնկված հրդեհի պատճառների մասին խոսելիս չէր բացառել մարդկային գործոնի հանգամանքը: Արծվիկ Մինասյանը նշել էր, որ հրդեհը ծագել է միաժամանակ երեք տարբեր օջախներից: Դրանք միմյանցից բավական մեծ հեռավորության վրա են եղել, ինչը հիմք է տալիս եզրակացնել, որ հրդեհը չէր կարող բնածին լինել:

Հոկտեմբերի 12-ը Հայաստանում «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր» է հայտարարվել: Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ամենօրյա ծխող է, կանանց շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը հասնում է 5%-ի: Բացի այդ, հետազոտության արդյունքներով, մեր երկրում 15 տարեկան երեխաների 18 տոկոսը փորձել է ծխել, իսկ 4 տոկոսն արդեն կանոնավոր ծխում է:

Ծխելու դեմ պայքարը, կարծես, չի շրջանցել նաեւ օրենսդիր մարմինը: NEWS.am-ի թղթակիցն այսօր նկատել է, որ աշխատանքային օրվա ավարտին Ազգային ժողովի աշխատակիցները ծխելու համար նախատեսված տարածքներից հեռացրել են ծխախոտի ցուցանակները: Նրանք ասել են, որ հանձնարարություն են ստացել պատերից հեռացնել ցուցանակները, բայց այլ մանրամասներ չեն նշել: Ամենայն հավանականությամբ՝ այդ վայրերում այսուհետ ծխել չի թույլատրվի: Կառավարությունը ծխելու դեմ պայքարին ուղղված ակտիվ քայլեր է ձեռնարկում, իսկ հակածխախոտային օրենսդրական փաթեթը հանրությանը կներկայացվի մոտ օրերս: Նախատեսվում է հանրային վայրերում ծխելն արգելել, կարգը խախտելու դեպքում էլ խոշոր չափի տուգանքներ սահմանել:

Հայաստանում բենզինի գնի թանկացման պատճառը մինչեւ հիմա հասկանալի չէ: Հանրային խորհրդում այսօր կազմակերպված քննարկմանը ներկայացվել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունը, որի համաձայն՝ մատակարարները վառելիքի թանկացումը պայմանավորել են ձեռքբերման գների բարձրացմամբ: Սակայն Ռուսաստանում, որտեղից հիմնականում ներկրվում է վառելիքը, գների բարձրացում չի նկատվել: Հանրային խորհուրդը որոշել է լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված վերլուծություններն ու վիճակագրական տվյալները, իսկ հետո առաջարկներ ներկայացնել կառավարությունը:

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնը: Այն բացվել է հոլիվուդյան աստղ Ջոն Մալկովիչի ելույթով, որը Երեւան է ժամանել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի հրավերով: Մալկովիչը հայ հանդիսատեսին ներկայացրել է հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից, հետո էլ անակնկալ մատուցել. հատված է ընթերցել Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից:

Իսկ Արամ Խաչատրյանի անվան փառատոնը կտեւի մինչեւ դեկտեմբերի 11-ը: Փառատոնի շրջանակում հոկտեմբերի 19-ին տեղի կունենա Սերժ Թանկյանի «Օկրա» թիվ 1 սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան: Երեկ երաժիշտը Երեւան է ժամանել, ամենայն հավանականությամբ՝ իր ստեղծագործության պրեմիերային մասնակցելու: Իսկ Հայաստան այցի մասին մեր թղթակցի հարցին կատակով է պատասխանել:

Դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվում է: Հոկտեմբերի 12-ին դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 569, ռուբլունը՝ 8 դրամ 33 լումա, ֆունտինը՝ 634 դրամ:

Հոկտեմբերի 13-ի գիշերը եւ 15-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա, իսկ հետո 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ