News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան Վանաձորի Աղայան 25 հասցեում գրանցված հրդեհի հետեւանքով 4-ամյա տղայի մահվան վերաբերյալ:

4-ամյա փոքրիկը տանը մենակ, քնած է եղել ու ըստ նախնական տվյալների, հրդեհն առաջացել է վերմակի բռնկվելու հետեւանքով: Պարզվում է, որ 4-ամյա տղան առաջին երեխան չէ, որ այս ընտանիքում մահացել է:

Այսօր առավոտյան NEWS.am-ի թղթակիցն այցելել է հիշյալ հասցե, հարեւանները խուսափեցին խոսել այս ընտանիքի մասին: Նրանցից մեկը նշեց միայն, որ կնոջ հետ որեւէ մեկը չէր շփվում, բայց գիտեն, որ հաճախ էր երեխային տանը մենակ թողնում, գնում:

Վանաձորի խնամատակալության ու հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գեւորգյանը մեզ հետ զրույցի ժամանկ նշեց, որ 10-15 տարուց ավելի է, ճանաչում է այդ ընտանիքին:

«Առաջին անգամ, երբ իմացանք Նաիրայի (երեխայի մայրն է-խմբ) մասին, երեխաներից մեկը ծայրահեղ վիճակում էր, նորածինն առողջական խնդիրներ ուներ: Տեղափոխել էինք Վանաձորի մանկատուն, բայց այնտեղ մահացել էր»,- պատմեց Լ. Գեւորգյանը:

Վերջինիս վստահեցմամբ երեկ մահացած երեխան եղել է թե՛ հանձնաժողովի, թե՛ Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, թե՛ ոստիկանության անչափահասների բաժնի տեսուչների ուշադրության կենտրոնում:

Ողջ օրը Վանաձորի մթերային շուկայում հավաքարարությամբ ու բեռների տեղափոխմամբ օրվա հացը վաստակող Նաիրան տարիներ առաջ խնամակալության հանձնաժողովի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ իր երեխային պահելու համար դայակ է պահում: Որպես դայակ հանդես եկող կինը եւս հավատացրել է, որ զբաղվում է Նաիրայի երեխայի խնամքով:

Ի՞նչ երաշխիք, որ կանայք չեն ստել, հարցին, Լեռնուհի Գեւորգյանը պատասխանեց. «Որ նա երեխային խնամող դայակն է, դա մեզ վստահեցրել են շուկայի աշխատողները եւ տնօրենը»:

Հանձնաժողովի անդամները, իրենք, այդ ընթացքում տնայց չեն կատարել: Ընտանիքին վերջին այցելությունը եղել է այս տարվա հունվարին:

Վերջինս նշեց, որ խուսափել է տնայց կատարել՝ հաշվի առնելով Նաիրայի ագրեսիվ պահվածքն ու սպառնալիքները. «Նաիրան իր վարքագծով շատ ագրեսիվ անձնավորություն է, նույնիսկ փորձել է ֆիզիկական ուժ կիրառել իմ նկատմամբ, նույնիսկ ինքն ինձ ահաբեկել է, որ դանակով ինձ վրա կհարձակվի»:

Գեւորգյանը հիշեց, որ աշխատավայր կատարած հերթական այցի ժամանակ ինչպես է վերջինս հարձակվել իր ու ոստիկանության աշխատակցի վրա:

Նրա խոսքով կնոջ մոտ եղել է նաեւ ծնողավարման հմտությունների բացակայության խնդիր:

Չնայած վերը նշված հանգամանքներին, երբեւէ փոքրիկին ծնողից վերցնելու ու մանկատուն ուղարկելու փորձ չի արվել. «Երեխային մանկատուն տեղափոխելու համար մենք ստացել ենք դիմումներ, քննարկել ենք, բայց հիմքեր չի եղել երեխային վերցնելու, որովհետեւ մայրն իր երեխաներին պահում է»:

Արդյոք ոլորտի պատասխանատուների կողմից արվել է հնարավոր ամեն ինչ եւ արդյոք հնարավոր չէ՞ր կանխել այս ողբերգությունը. այս հարցին զրուցակիցս պատասխանեց. «Հնարավոր էր, եթե համակարգային բացեր չլինեին: Համակարգի բացթողումների պատճառով, եթե համակարգը լիարժեք աշխատեր, լիներ օրենսդրական այն մեխանիզմները, որը պետությունը հիմա է ուզում ընդունել, ու ժամանակին մենք ունենայինք հնարավորություններ՝ օրենսդրորեն այդ երեխաներին հանելու այդ ընտանիքից, ես համոզված եմ, որ երեխաների կյանքին ու առողջությանը վտանգ չէր սպառնա ու այս վիճակը չէր լինի: Բայց քանի որ օրենսդրական բացեր կան, կիրարկման մեխանիզմներ չկան, մենք չունենք այդ հնարվորությունը՝ երեխային գնալու հանելու»:

Նաիրա Կարապետյանը 5 երեխաների մայր է: Երեխաներից երկուսը տեւական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երեւանում է աշխատում, Նաիրայի խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված:

Նշենք, որ սա Վանաձորում ծնողների կողմից երեխաներին անուշադրության մատնելու կամ միայնակ թողնելու հետեւանքով երեխաների մահվան երրորդ դեպքն է վերջին 5 տարվա ընթացքում:

Առաջին դեպքը գրանցվել էր մոտ 3 տարի առաջ, Բազում թաղամասում, երբ տանը միայնակ մնացած երկու երեխաները հրդեհի հետեւանքով մահացան:

Ապա, նախորդ տարի «աղբի գարաժներ» կոչվող հատվածում բազմաթիվ այրվածքներ ստանալու հետեւանքով մահացավ Մարիամ Կարապետյանի երեխան:

Երեխայի առողջությունը վտանգելու դեպքեր եւս Վանաձորում գրանցվում են: 2016թ.-ին քաղաքի տնակային թաղամասերից մեկում ցրտահարվել էր 4-5 տարեկան փոքրիկի ոտքերը, ով մոր կողմից լքված լինելով ու գտնվելով տատիկի խնամքին, մատնվել էր անուշադրության:

Լ. Գեւորգյանի կարծիքով նմանատիպ դեպքերը աճելու տենդենց ունեն հատկապես հիմա,երբ ամուսնալուծությունների կտրուկ աճ է գրանցվում ու բազմաթիվ մայրեր լքելով երեխաներին, թողնում են բախտի քմահաճույթին:

Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ