News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, նիստերի դահլիճում մնաց ընդամենը մի քանի րոպե, դատարանը կրկին նրան 4 ժամով հեռացրեց դահլիճից:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, երբ լրացավ դատավորի սահմանած 4 ժամը, Գեւորգ Սաֆարյանը բերվեց դահլիճ: Ամբաստանյալը հետաքրքրվեց, թե ինչու իր պաշտպան Տիգրան Եգորյանին նույնպես չեն հրավիրում դատարան:

«Ամբաստանյալ Սաֆարյան, կանգնեք եւ կանգնած արեք ձեր հայտարարությունը, հակառակ դեպքում դատական սանկցիա կկիրառեմ ձեր նկատմամբ»,- նրան դիմեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը:

Գեւորգ Սաֆարյանը նստած շարունակեց իր հայտարարությունը՝ ընդգծելով, որ իր պաշտպանի բացակայությամբ նիստ անելով, նախ եւ առաջ իր իրավունքներն են խախտվում: Տաթեւիկ Գրիգորյանը թույլ չտվեց ամբաստանյալին շարունակել խոսքն ու դահլիճից կրկին հեռացրեց՝ դատական սանկցիա կիրառելով:

Այնուհետեւ դատարան հրավիրվեց վկա Ալեն Մովսիսյանը, որն այս գործով առանձնացված ամբաստանյալ Արթուր Մովսիսյանի որդին է: Վկան հրաժարվեց ցուցմունք տալ: Չնայած պաշտպանական կողմը պնդում էր, որ այս պայմաններում դատարանն իրավունք չունի հրապարակելու վկայի նախաքննական ցուցմունքը, դատավորը բավարարեց մեղադրողի միջնորդությունն ու հրապարակեց ցուցմունքը: Նախաքննության ընթացքում Ալեն Սիմոնյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն, նրան բացատրվել են կասկածյալի իրավունքները: Պարզվում է, որ Ալեն Սիմոնյանը նախաքննական մարմնին պատմել է, որ 2016թ. մայիսին հայրը զանգել է Մոսկվայից ու հայտնել, որ նկուղում բան կա, կգան կտանեն:

«Հայրս ասաց՝ դուռը կբացես նկուղի, դու ներս չմտնես, թող գան, տանեն, զգույշ կլինես մենակ: Էդ օրը երկու տղամարդ եկավ տաքսիով, միասին մտանք նկուղ, սկզբում չէին գտնում, հետո զանգեց հորս նրանցից մեկը, տեղը նորից հարցրեց, հետո պատի տակ գտավ ադյալով փաթաթված մի բան՝ կես մետր երկարությամբ, ֆուտբոլի գնդակի հաստությամբ: Բարձրացրեց երկու ձեռքով էս իրերը, դրեց մի արկղի մեջ ու դուրս տարավ: Հայրս ինձ էդպես էլ չասաց, թե մեջն ինչ է, ուղղակի որ ծանր էր, հայրս էլ ասել էր՝ զգույշ կլինես, հասկացա, որ զենք-զինամթերք է»,- պատմել է Ալեն Սիմոնյանը:

Դատարանում նա հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:

7.5 ժամ տեւած դատական նիստն այսօր հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 20-ին: Այդ օրը կհրապարակվի վկա Երեմ Խոնդիկյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ նա ՌԴ-ում է եւ առաջիկայում Հայաստան չի գալու:

Տպել
Ամենաշատ