News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի եւ նրա ենթակաների կողմից կաշառք ստանալու գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Արմեն Բեկթաշյանը:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սողոյանն ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին և իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1 մլն 528 հազար դրամին համարժեք կաշառք:

Մասնավորապես, Ժաննա Հովհաննիսյանը Արմեն Սողոյանին 2016թ. դեկտեմբերի 22-ին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք տվել է 200 հազար դրամ: Բժշկասոցիալականն փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Արամ Պետրոսյանը 2016թ. դեկտեմբերի 23-ին Սողոյանին տվել է 150 հազար դրամ: Արոնա Սիմոնյանը տվել է 600 ԱՄՆ դոլար կաշառք, Զորիկ Մկրտչյանը՝ համապատասխանաբար 40 հազար եւ 100 հազար դրամ: Երեմ Մարգարյանը, Արմեն Ավետյանը, Լիլա Մանուցյանը, Ժիրայր Պետրոսյանը, Արշավիր Հմայակյանը, Ալլա Թովմասյանը, ըստ մեղադրանքի, Սողոյանին տվել են 100 հազարական դրամ, իսկ Ցիալա Խուդինյանը՝ 150 հազար դրամ: Հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Շողիկ Ավետիսյանն էլ Արմեն Սողոյանին 2016թ. հոկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում որպես խոշոր չափերով կաշառք ստացել է ընդհանուր առմամբ 265 հազար դրամ:

Ամբաստանյալներից միայն Արմեն Սողոյանն ու Արամ Պետրոսյանն են կալանքի տակ, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել:

Նշենք, որ այս գործով Արմեն Սողոյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվում է որեւէ մեկնաբանություն տալ:

Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձեւավորվել եւ տեւական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ եւ դրանք փոխանցել իրենց վերադասներին:

Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի, բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային մի շարք հանձնաժողովների անդամներ, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան փորձաքննություններ, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից վերցրել են 20-40 հազար ՀՀ դրամի չափով գումարներ: Այնուհետեւ, ապօրինի եւ համակարգային բնույթ կրող եղանակով գոյացած գումարները հանձնաժողովների նախագահները բաժանել են անդամների միջեւ, իսկ մի մասն էլ՝ թողտվության համար պարբերաբար հանձնել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետին:

Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 մլն 547 հազար դրամ եւ 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։

Պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային առնվազն ինը, Երեւան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաեւ վերափորձաքննության բաժնի պետը:

Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով:

Նշենք, որ Արմեն Սողոյանը մինչեւ նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը եւ 2015թ. գիտական ղեկավարն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ