News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԻՆ ռեեստրում այժմ գրանցված 6892 վերելակից 3045-ը ստացել է փորձագիտական վերջնական եզրակացություն, որից 34-ի եզրակացությունը եղել է բացասական: Բացասական եզրակացություն ստացած վերելակներից 24-ը գտնվում է Երեւանում, որոնց մեծ մասն այսօր էլ շահագործվում է:

Բացասական եզրակացություն են ստացել նաեւ 1 -ական վերելակներ Սյունիքում ու Կոտայքում եւ 8-ը՝ Լոռիում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նախարարությունը պատասխանատվություն չի կրում փորձաքննություն չանցած կամ բացասական եզրակացության արժանացած վերելակի համար, իրենք միայն եզրակացություն են տալիս, իսկ դրա պատասխանատուն համատիրություններն են, ինչպես նաեւ քաղաքացիները, որոնք պետք է հետեւեն համատիրության աշխատանքին:

«Օրենքի պահանջով ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտ, այդ թվում՝ վերելակները տարեկան մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Վերելակների ճնշող մեծամասնությունն անցնում են փորձաքննություն, սակայն կան նաեւ համատիրություններ, որոնք այդպես էլ չեն գալիս պայմանագիր կնքելու, որպեսզի վերելակները անցնեն փորձաքննություն։ Պատճառները տարբեր են՝ բավարար գումար չունենալուց մինչեւ անպատասխանատվության»,- նշեց նա:

Հատկանշական է, որ թեեւ վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է, Արաբկիր վարչական շրջանում դեռեւս գործում են 1965-1975 թվականներից տեղադրված վերելակները, իսկ հանրապետությունում գործող վերելակների 35 տոկոսը տեղադրվել է 1975-1980 թթ., մնացյալը՝ 80-ականներին։

Սակայն, Լուսինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կան վերելակներ, որոնք չնայած հնությանը, անընդհատ վերանորոգվել են եւ գտնվում են լավ վիճակում։ Իսկ հնությունը փորձաքննության ժամանակ ցուցիչ չի կարող ծառայել։

Ավելին, նրա խոսքով, միշտ չէ, որ տեխնիակական անսարքությունն է խնդիրը: Կան նաեւ անփութության, վերելակների հորանը մաքուր չպահելու, վերելակները որպես բեռնափոխադրող միջոց օգտագործելու, 7-8 հոգով վերելակներով վերուվար անելու խնդիրներ։

Այսպես, օրերս Դավթաշեն վարչական շրջանից ահազանգ է ստացվել 911: Ահազանգողները հայտնում էին, որ վերելակի խափանման արդյունքում մարդիկ են մնացել այնտեղ: Փրկարարները դուրս են բերել մարդկանց վերելակից, իսկ վերելակի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ առնետ է մնացել ճոպանների եւ անիվի արանքում, ինչի հետեւանքով էլ վերելակը խափանվել էր:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք պատասխանատվություն չեն կրում վերելակների վատթար եւ անմխիթար վիճակի համար, իսկ այն հատկացումները, որ արվում են քաղաքապետարանի բյուջեից վերելակների պահպանության համար, իրականում իրենց վրա դրված պարտականություն չեն։ Դրանք քաղաքապետարանի կողմից բարի կամքի դրսեւորում են։

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մասնավորապես նշեց, որ այժմ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքում քաղաքապետարանն նախաձեռնել է փոփոխություններ, որով նախատեսում են համատիրությունների պատասխանատվությունը քաղաքապետարանի առաջ. այսինքն, կսահմանվի համատիրությունների հաշվետվողականություն։ Օրենքի փոփոխություններն այժմ գտնվում են կառավարության օրակարգում եւ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ընդունել։

Անդրադառնալով վերելակների փոխարինման համար ներդրումներ ներգրավելու խնդրին, Գեւորգյանը շեշտեց, որ միջազգային կազմակերպությունները, բացի ծառայություն մատուցելը, ցանկանում են ստանալ իրենց ներդրումը հետ վերադարձնելու երաշխիք։ «Սակայն այսօր ունենք մի իրավիճակ, երբ համատիրությունները իրենց գործունեությունը թափանցիկ չեն իրականացնում, իսկ, օրինակ, առաջին հարկում ապրող քաղաքացիները հրաժարվում են համատիրություն վճարել ծառայությունների վճարը»,-ընդգծեց նա։

Արթուր Գեւորգյանը հայտնեց, որ օրենքի փոփոխությամբ կսահմանվեն ոչ միայն իրավունքներ ու պարտականություններ, այլ նաեւ հնարավոր տույժեր։

Համատիրությունների ղեկավարներն էլ նշում են, որ իրենք չունեն համապատասխան գումարներ՝ վերելակները նորերով փոխելու համար, իրենք միայն կարողանում են վերանորոգել դրանք:

Հարկ է նկատել, որ մինչ պատկան մարմիններն իրար վրա են գցում պատասխանատվությունը, տուժողը կրկին հասարակ քաղաքացին է: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում բողոքեցին, որ վերելակներ խափանումները սովորական երեւույթ են դարձել, որ անհասկանալի է, թե որտեղ են ծախսվում իրենց վճարած սպասարկման վարձերը: Նրանց խոսքով, մեկ այլ խնդիր է բեռնատար վերելակների հարցը, որոնց դեպքում քաղաքացիները համատիրություն են վճարում առանձին գումար, որպեսզի իրենց թույլ տրվի օգտվել այդ վերելակից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ