News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպել են: Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Ժնեւում նախաձեռնել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը նախ հանդիպել են ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, իսկ  հետո առանձնազրույց են ունեցել:

Հանդիպումից հետո եռանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնել են քայլեր ձեռնարկել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Առաջիկայում արդեն Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային հանդիպումներ կկազմակերպեն երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերջին անգամ հանդիպել էին 2016 թվականին: Մայիսին նրանք հանդիպել էին Վիեննայում, հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանական կողմը, սակայն, մինչեւ հիմա չի կատարում այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները:

Մոսկվայի կենտրոնում կրկին հայ գործարար է սպանվել: Անհայտ անձը 38-ամյա Գեորգի Ակոպջանովի ուղղությամբ առնվազն հինգ կրակոց է արձակել: Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է: Տեսահսկման խցիկները ֆիքսել են սպանության պահը: Ռուսական իրավապահ աղբյուրների փոխանցմամբ՝ հանցագործությունը նման է պատվերով սպանության: Քրեական գործ է հարուցվել՝ սպանություն եւ զենքի ապօրինի շրջանառություն հոդվածներով:

Արմեն Ջիգարխանյանը սկանդալի կենտրոնում է հայտնվել: Լրատվամիջոցները նախ տեղեկացրեցին, որ դերասանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, դիմել է Մոսկվայի իրավապահներին եւ խնդրել օգնել՝ գտնել ամուսնուն: Նշվում էր, որ ամուսինները վիճել են, եւ Ջիգարխանյանն ընկերների հետ հեռացել է տնից: Հետո էլ տեղեկություն հայտնվեց, որ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել Վիտալինայի դեմ՝ նրան մեղադրելով, իբր, իրեն սպանելու փորձի մեջ՝ ունեցվածքին տիրանալու նպատակով: Ի դեպ, վերջին տարիներին Ջիգարխանյանն իր ունեցվածքը գրանցել է երիտասարդ կնոջ անունով: Այս խճճված պատմությանն այսօր եւս մեկ լուր է ավելացել. հաղորդավարուհի Օքսանա Պուշկինան հայտնել է, որ դերասանը պատրաստվում է բաժանվել կնոջից եւ հիմա ապահարզանի փաստաթղթերն է նախապատրաստում:

Նշենք, որ Ջիգարխանյանն այժմ հիվանդանոցում է: Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում: Ասում են՝ դերասանը չի ցանկանում տեսնել կնոջը, նրան նույնիսկ հիվանդասենյակ չի թողել: Ռուսական լրատվամիջոցներից մեկի թղթակցի հետ զրույցում Արմեն Ջիգարխանյանը խոստացել է ամեն ինչ պարզաբանել, երբ դուրս գրվի հիվանդանոցից:

Իրաքի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Քիրքուքի 2 նավթահանքերի եւ ռազմաբազայի նկատմամբ: Քրդական ռազմականացված խմբավորումների հրամանատարությունը հայտարարել է, որ Քիրքուքի վրա Իրաքի զինվորականների հարձակումը նշանակում է պատերազմ  հայտարարել: Քրդերը նաեւ զգուշացրել են, որ Իրաքի կառավարությունը թանկ կվճարի հակամարտություն նախաձեռնելու համար:

Մինչ այդ Իրաքի նախագահն ակտիվ բանակցում է քրդական ինքնավարության իշխանությունների հետ: Քրդական իշխանությունները մերժել են անկախության հանրաքվեի արդյունքները չեղարկելու՝ Բաղդադի պահանջը: Նրանք, սակայն, պատրաստակամություն են հայտնել խաղաղ միջոցներով հասնել խնդրի հանգուցալուծմանը: Բաղդադի եւ քրդական ինքնավարության միջեւ Քիրքուքի համար պայքարը սրվել է Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո: Սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի արդյունքում անկախությանը կողմ է քվեարկել բնակչության ավելի քան 93%-ը:

«Դիլիջան ազգային պարկ»-ում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մի խումբ քաղաքացիներ վիճաբանել են պարկի «Շամախյան» տեղամասի անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց եւ հրկիզել հենակետի վագոն-տնակը: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 10-15 անձինք «ՈՒԱԶ» մակնիշի մի քանի մեքենայով մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ»-ի «Շամախյան» տեղամասի հսկիչ կետին եւ դժգոհություն հայտնել  հսկիչ անցագրային կետի տեղադրման կապակցությամբ: Հսկիչների ցուցմունքների համաձայն՝ նրանցից մեկը փայտ է վառել, գցել վագոն-տնակն ու փախուստի դիմել: Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից անձանց ինքնությունը պարզելու եւ վագոն-տնակը հրկիզողին հայտնաբերելու ուղղությամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր հայտնեց հանրապետության առանձին շրջաններում ուժեղ քամիների մասին: Քամու ուժգնացում էր սպասվում, մասնավորապես, Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում: ԱԻՆ-ը նախազգուշացրել էր, որ ուժեղ քամիների հետեւանքով հնարավոր է ծառեր կոտրվեն, տանիքներ վնասվեն, եւ բնակչությանը հորդորել հնարավորինս քիչ մնալ դրսում: Կրթության նախարարությունն իր հերթին մարզային դպրոցների ղեկավարներին կոչ էր արել հետեւել, որ աշակերտները դրսում չմնան:

Այս հայտարարությունները խուճապ են առաջացրել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Եվ չնայած զգուշացումը միայն երեք մարզերի բնակիչներին էր վերաբերում, Երեւանում բազմաթիվ ծնողներ երեխաներին շտապ տուն են տարել դպրոցից ու մանկապարտեզից, մարզերում էլ ուսուցիչներն են տուն ուղարկել երեխաներին: 

Դոլարի աճը չի դադարում, իսկ եվրոն թուլանում է: Հոկտեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 8 դրամ 41 լումա, ֆունտինը՝ 640 դրամ:

Հոկտեմբերի 17-ի գիշերը Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 18-21-ը՝ առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի: Երեւանում տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ