News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի խորհուրդն այս գիշեր 2.5 ժամ քննարկելուց հետո որոշում կայացրեց մեղավոր ճանաչել փաստաբան Տիգրան Եգորյանին եւ նշանակել կարգապահական տույժ՝ 8 ժամ դասընթաց 6 ամսվա ընթացքում:

Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի բողոքի համաձայն:

Վերջինները հայտնել են, թե Արթուր Սարգսյանի փաստաբաններից Տիգրան Եգորյանը տեղեկացված է եղել իր պաշտպանյալի ծանր հիվանդության («Բեխտերեւի» հիվանդություն) մասին, սակայն օրենքով սահմանված միջոցներ չի ձեռնարկել նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ, մինչդեռ Արթուր Սարգսյանն ինքը բազմիցս պահանջել է վերջիններիս չմիջամտել իր եւ իր փաստաբանի հարաբերություններին եւ իր պաշտպանությանը վերաբերող ցանկացած հարց համաձայնեցնել իր պաշտպանների հետ։

Հոկտեմբերի 16-ին ժամը 18.30-ին նշանակված նիստի հենց մեկնարկին պարզ էր, որ նիստը նախագահող Կարեն Մեժլումյանն ու Խորհրդի մյուս անդամները «որոշում» ունեին՝ ամեն գնով այդ օրը որոշում կայացնել: Եգորյանին թույլ չէր տրվում առարկություններ ներկայացնել, հայտարարություններ անել: Նիստի լուսաբանումը խոչընդոտելու համար որոշվեց նույնիսկ նիստը դռնփակ անցկացնել: Կարեն Մեժլումյանը պարզաբանեց, թե նիստը դռնփակ է արվում ապացույցներն ուսումնասիրելու համար:

Նշենք, որ ապացույցները վերաբերում էին «Հաց բերողի» կալանքի միջնորդությունների քննության ժամանակ դատարանում ներկայացված ապացույցներին:

Կալանքի միջնորդությունները դատարաններում քննվում են դռնփակ եւ հենց այս պատճառաբանությամբ Խորհուրդը որոշեց նիստն անցկացնել դռնփակ: Ընթացքում, սակայն, պարզ դարձավ՝ Խորհուրդն ուզում է ընդհանրապես նիստը դռնփակ անել: Ապացույցների հետազոտումից հետո Եգորյանը միջնորդել էր նիստը դռնբաց անցկացնել, սակայն մերժվել էր միջնորդությունը, իսկ Եգորյանին առաջարկվել էր եզրափակիչ ելույթ ունենալ՝ դրա համար տալով 15 րոպե պատրաստվելու համար: Տիգրան Եգորյանը միջնորդել էր նիստը հետաձգել, քանի որ այդ կարճ ժամանակահատվածում չի կարող պատրաստվել:

Նիստը հետաձգելու միջնորդությունը քննելու պատրվակով Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ Տիգրան Եգորյանն ու իր ներկայացուցիչները հեռացան Պալատից: Եգորյանի ներկայացուցիչներից տեղեկացանք, որ դատարանից ստացված կալանքի նյութերից պարզվել է, որ Եգորյանը դատարանում կալանքի քննարկման ժամանակ բարձրացրել է Արթուր Սարգսյանի առողջական վիճակի հարցն ու ներկայացրել խնդրո առարկա փաստաթղթերը։ 

Կեսգիշերն անց խորհրդակցական սենյակից լսվող գոռգոռոցները լրագրողներին հիմք էին տալիս կարծելու, որ ներսում քննվում է վարույթի վերաբերյալ որոշում կայացնելու հարցը:

Հետաքրքիր է, որ միջանցքում սպասողներս ամենաշատը լսում էինք Խորհրդի անդամ Նելլի Հարությունյանի ձայնը: Նա փորձում էր ինչ-որ բան ապացուցել ներկաներին: Նշենք, որ Նելլի Հարությունյանն Արա Զոհրաբյանի տեղակալն է եւ, ըստ Տիգրան Եգորյանի հայտարարությունների, պատկերացում չունի քրեական եւ քաղաքական դատավարությունների ընթացակարգերի մասին:

2.5 ժամվա թեժ քննարկումից հետո՝ ժամը 01.30-ին Խորհուրդը հրապարակեց որոշումը. Տիգրան Եգորյանը մեղավոր ճանաչվեց եւ նշանակվեց կարգապահական տույժ՝ 6 ամսվա ընթացքում 8 ժամ դասընթաց Քրեական դատավարության ոլորտի վերաբերյալ: Կարեն Մեժլումյանը նշեց, որ ինքն ունի նաեւ հատուկ կարծիք, որը, սակայն, չհրապարակվեց:

Հիշեցնենք, որ Արուսյակ Հայրապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի դիմումի վերաբերյալ Արթուր Սարգսյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Վահե Գրիգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը մամուլով եւ սոցցանցերում բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, որ հիմնադրամի տարածած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում եւ վնասում են իրենց բարի համբավը։ Փաստաբանները մանրամասն ներկայացրել են, թե ինչ գործողություններ են իրականացրել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար։

Տպել
Ամենաշատ