Ամբողջ հասարակությունը խոսում է այն մասին, որ հայտնի ուժերը պարտադրել են մեզ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը ՀՀ-ում ընտանիքը վերացնելու, պղծելու, ահավորացնելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում հիշյալ օրենքի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Դիմելով օրինագծի հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին նա ասաց. «Պարզ է, որ դուք կասեք, որ նման բան չկա, որ դրա համար կա ֆինանսավորում, գրանտներ ու փողեր շպրտած տարբեր կերպարներ պաշտպանում են այն, իբր: Ես գիտեմ, թե ինչպես են խաբում դիմացինին: Այստեղ հարցեր են բարձրացվում, դուք ասում եք՝ առաջարկություններ ներկայացրեք: Ես ասում եմ, Հայաստանում, որ ընտանիքը պատմականորեն Քրիստոսից առաջ միշտ եղել է բարձր կատեգորիա, հնարավոր չէ՞ ընտանեկան օրենսգրքով լուծել: Ինչո՞ւ պարտադիր է այս օրենքով լուծեր հարցը: Ստիպված բստրածին բաներ եք գրում, ասում եք՝ տնտեսական բռնություն, հոգեբանական բռնություն, էս ինչ բռնություններ են»:

Նրա խոսքով, երկիրը հազարավոր խնդիրներ ունի. «Իսկ մենք դրանք թողած հայկական ընտանիքով ենք հուզված, դա է ինձ անհանգստացնում: Ինչու նրանք իրենց ֆինանսները չեն ուզում բաշխել այնպես, որ մեր գոնե խոցելի սոցիալական, առաջնահերթ խնդիրները լուծեն՝ աղքատությունը վերացնենք, աշխատատեղեր բացենք: Եկել ամենաամուր տեղամասին են կպել»:

Վիգեն Քոչարյանն ի պատասխան նշեց. «Ինչ վերաբերում է պարտադրելուն. ընդհանրապես Հայաստանին բան պարտադրելը հեշտ գործ չէ, իսկ միջազգային պարտավորությունները կամավոր ենք ստանձնել եւ պետք է կատարենք:

Այո, գաղտնիք չէ, որ այս օրենքի ընդունումը նախատեսված է նաեւ ԵՄ-ի հետ բյուջետային աջակցության ծրագրով»: