2017թ.-ի առաջին 9 ամիսներին քննվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ըստ վիճակագրական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ընտանեկան բռնության 521 դեպք, որից 97-ով հարուցվել են քրեական գործեր:

«Յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ երեխա, որը թեկուզ չի ենթարկվում ֆիզիկական բռնության, բայց հոգեբանական բռնության հաստատ ենթարկվում է: Եթե ուզում ենք, որ մեր ընտանիքներում բռնություն չլինի, մեզ օրենք է պետք, իհարկե, ներկայացված այս նախագծում կարող է լինել հստակեցման անհրաժեշտություն, բայց չի կարելի ասել, որ մենք նման օրենքի կարիք չունենք: 20 տարի է՝ աշխատում եմ նման ընտանիքների հետ եւ կարծում եմ, որ նրանց օգնություն է հարկավոր, այդ թվում բռնություն կիրառողին, այս նախագիծն առաջին հերթին նման ընտանիքներին օգնելու համար է»,- ասաց Նելլի Դուրյանը: