Պետությունն իրավունք չունի անհարկի միջամտելու ընտանիքի գործերին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Մենք ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմին չունե՞նք, փոխանակ հետեւողական լինենք, որ այդ մարմինները կատարեն իրենց պարտականությունները, մենք ինչ-որ օրենքների հետ ենք հույսեր կապում: Եթե կա ոստիկանություն, դատախազություն, քաղաքացին չի դիմում, որտեղի՞ց երաշխիք, որ կանխարգելման կենտրոն կդիմի այդ քաղաքացին»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով, ընտանեկան բռնություններն առաջանում են վեճերից, որոնք էլ սոցիալական խնդիրների հետեւանք են միայն:

«Ընտանիքը վերջին սոցիալական արժեքն է մնացել, որին ուզում են կպնել: Պետք չի անհարկի միջամտել ընտանիքի գործերին: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մի տղամարդ իր երեխային դիտողություն է արել, երեխան ազդվել է եւ ոստիկանն իմացել է այդ մասին, եւ արգելում են ընտանիքի հոր մուտքն այդ ընտանիք, եթե կա նման տղամարդ, որն ընդունում է դա, ես նրան շնորհակալություն եմ հայտնում նրա սեռային պատկանելիության համար»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: