News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով է հանդես եկել Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը նշել է.

«Մեծարգո պարոն դեսպան,

Տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը եւ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի բարեկամ ժողովրդին: (ֆոտոռեպորտաժ)

1867թ.-ին Կանադայի հիմնադիր հայրերը սկիզբ դրեցին մի հասարակության, որի հիմքում ընկած են հավասարության, արդարության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները:

Ազգային ու կրոնական հակասություններով լի ժամանակակից աշխարհում Կանադան բազմամշակութային ու բազմակրոն հասարակության վառ օրինակ է հանդիսանում` ի ցույց դնելով, որ մարդկանց միջեւ տարբերությունը պետք է ոչ թե թշնամանքի աղբյուր լինի, այլ` հիմք ծառայի բարեկեցիկ երկրի կառուցման համար:

Մենք՝ հայերս, սեփական փորձով ենք համոզվել, որ կանադական աշխարհայացքի այս ազնիվ գաղափարները սոսկ բառեր չեն: Կանադան առաջիններից մեկն էր, որ պետական մակարդակով օգնության ձեռք մեկնեց Մեծ Եղեռնը վերապրածներին` ապաստան տրամադրելով եւ նոր կյանք սկսելու հնարավորություն տալով 109 հայ որբերի: «Կանադայի ազնիվ փորձ» անվանումը ստացած այս նախաձեռնությունն առաջիններից մեկն էր այն մարդասիրական ծրագրերից, որոնցով այսօր Կանադան հայտնի է ողջ աշխարհում:

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով Կանադան եւս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային բարձրագույն արժեքներին: Բարձր ենք գնահատում Կանադայի վարչապետերի կողմից ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցներին նվիրված ուղերձները:

Կանադան միջազգային անվտանգության ու կայունության գործում մեծ ներդրում է կատարում` աշխարհի տարբեր անկյուններում իր մասնակցությունը բերելով խաղաղապահ եւ մարդասիրական առաքելություններում, ինչի ակունքներում կանգնած է Կանադայի նախկին վարչապետ, խաղաղության նոբելյան մրցանակակիր Լեսթեր Փիրսոնը:

Հայաստանը եւս փորձում է միջազգային ասպարեզում իր ներդրումն ունենալ ինչպես խաղաղապահության, այնպես էլ մարդասիրական առաքելությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործերում: Այս ամենը պարարտ հող է ստեղծում միջազգային հարթակներում Հայաստանի ու Կանադայի փոխգործակցության համար:

Առանձնահատուկ կցանկանայի նշել Հայաստանի եւ Կանադայի արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Բարձր ենք գնահատում անցյալ տարի Մադագասկարում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Կանադայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը` 2018թ.-ին կազմակերպության գագաթաժողովը Երեւանում անցկացնելու որոշման ընդունման գործում։

Տիկնայք եւ պարոնայք,

Այս տարի հունվար ամսին մենք հանդիսավոր պայմաններում նշեցինք Հայաստանի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մենք հպարտ ենք, որ անցնող քառորդ դարի ընթացքում փոխադարձ հարգանքի եւ վստահության հիման վրա Կանադայի հետ հաստատել ենք ջերմ բարեկամություն եւ սերտ համագործակցություն: Տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր, տարեցտարի զարգանում եւ թափ է առնում ժողովրդական դիվանագիտությունը:

Գոհունակությամբ պետք է նշեմ այն պատկառելի ավանդը, որ հայ-կանադական հարաբերությունների զարգացման մեջ ներդնում է Կանադայի բազմահազարանոց հայ համայնքը:

Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության եւ համագործակցության ոգով` գրանցելով նորանոր տպավորիչ նվաճումներ:

Սիրելի բարեկամներ,

Կրկին շնորհավորում եմ Կանադայի Համադաշնության 150-ամյակի կապակցությամբ եւ լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի մեր բարեկամներին»:

Տպել
Ամենաշատ