News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի խորհուրդը հոկտեմբերի 17-ին կարգապահական պատասխանատվության է ենթարկել փաստաբան Մուշեղ Շուշանյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանը պատմեց, որ Պալատում կարպագահական վարույթ էր հարուցվել «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումի համաձայն: Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 21-ին դատական նիստում դատարանը հեռացրել էր «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանին կոչով ժողովրդին դիմելու համար, հայտարարվել էր ընդմիջումից, որից հետո Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չէր վերադարձել՝ հայտարարելով, որ Վարուժան Ավետիսյանն իրեն թույլ չի տալիս իր բացակայությամբ մասնակցել նիստերի: Մուշեղ Շուշանյանի այս քայլն Արտուշ Գաբրիելյանը որակել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ կիրառել դատական սանկցիա՝ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում ուղարկելով Փաստաբանների պալատ:

«Փաստաբանների պալատի Խորհուրդը երեկ քննեց այս կարգապահական գործը, եւ չնայած որ ես երեկ կեսօրին Խորհրդին գրություն էի ուղարկել՝ պահանջելով տրամադրել մի շարք փաստաթղթեր եւ տեղեկություններ հայտնել, որ ես կարողանամ իմ բացատրություններն ու դիրքորոշումը ներկայացնել, ինչպես նաեւ այդ գրությամբ Խորհրդի անդամներից 7-ին առաջարկել էի ինքնաբացարկ հայտնել՝ նշելով որ եթե չընդունեն այն, բացարկ եմ հայտնելու: Խորհուրդը, սակայն, իմ միջնորդությունները քննության չառավ ու հապճեպորեն որոշում կայացրեց կարգապահական պատասխանատվույան ենթարկելու մասին. ես նկատողություն ստացա»,- պատմեց փաստաբանը:

Մուշեղ Շուշանյանի գնահատմամբ, նախօրեին իր ամենանվազագույն ընթացակարգային երաշխիքները չեն պահպանվել, նույնիսկ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չի ստացել. «Այս նիստը զուտ ձեւական բնույթ էր կրում, որոշումը նախապես կայացված էր, իրենք ընդամենը պաշտոնական դարձրին այն: Վերջին շրջանում կարգապահական գործերով Փաստաբանների պալատի Խորհրդի գործունեությունը գնահատում եմ որպես արտակարգ դատարանի գործունեություն»:

Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել Խորհրդի կայացրած որոշումը:

Տպել
Ամենաշատ