Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են մոտ 35 տոկոսով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ եւ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունները կարող են այդ գործոններից ընդամենը մեկը լինել:

Շաբոյանը տեղեկացրեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են այն շուկաները, որտեղ կա  կենտրոնացվածության բարձր աստիճան, կան խոշոր ընկերություններ, որոնք հնարավոր է, օգտվեն իրենց մրցակցային առավելությունից:

Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել կարագի շուկայում. «Կարագի գներն այս տարեսկզբից մինչև հիմա բարձրացել են շուրջ 35 տոկոսով, այնուհանդերձ  այդ բարձրացումն  ավելի վաղ էր սկսվել՝ անցած տարվա սեպտեմբերից: Եթե անցած տարվա սեպտեմբերից դիտարկենք, ապա կարագի գները բարձրացել են 53 տոկոսով»:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է կարագի ոլորտում խոշոր ընկերության՝ «Ալեքս գրիգ»-ի ձեռքբերման փաստաթղթերը. «Համաձայն մեր ուսումնասիրությունների, ձեռքբերման փաստաթղթերով կարագի գները շուրջ 87 տոկոսով են թանկացել»:

Շաբոյանի փոխանցմամբ, միջազգային շուկայում  գներն անցած տարվա մայիսից  բարձրացել են  126 տոկոսով, իսկ մեզ մոտ միայն 35 տոկոսով: