News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչին, ովքեր Երեւան են ժամանել Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է հյուրերին եւ կարեւորել իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ ամենօրյա համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը խրախուսում է տարբեր ոլորտներում գործընկեր երկրների պետական կառույցների միջեւ մասնագիտական սերտ շփումներն ու փորձի փոխանակումը՝ նկատի առնելով, որ արագ փոփոխվող աշխարհում նոր տեխնոլոգիաներ եւ հնարավորություններ են ի հայտ գալիս, որոնք նպաստում են առավել արդյունավետ լուծումներ գտնելուն եւ աշխատանքի կատարելագործմանը: Նախագահ Սարգսյանը համատեղ նիստի ձեւաչափը փոխգործակցության լավ հարթակ է համարել եւ հաջողություններ մաղթել կոլեգիայի աշխատանքներին:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նիստը Երեւանում բարձր մակարդակով անցկացնելու համար եւ գոհունակությամբ խոսել համատեղ աշխատանքի արդյունքների մասին: Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են նիստի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսում է խրախուսել համագործակցությունը ու համատեղ կարեւորություն ունեցող մի շարք ուղղություններով փորձի փոխանակում իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ