News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։

Նախագիծը վերնագրված է հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

Հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը կքննի Արտաշես Գեղամյանի մասնակցությամբ միջադեպը, ով պատգամավորի խոսքով, բռունցքներով հարվածել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ Նրա խոսքով, իրենք առաջարկում են, որ հանձնաժողովը գործի երկու ամիս, անհրաժեշտութան դեպքում դրա աշխատանքները կերկարաձգվեն 1 ամսով, հանձնաժողովում կլինեն 10 պատգամավորներ:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշեց, որ նախագծում չի կցվել միջադեպի մանրամասները, չի նշվել, թե կոնկրետ, որ արտահայտությունն է, որ ըստ նրանց խախտել է էթիկան: Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում նման պահանջ չկա, որպեսզի դեպքի նկարագրությունը շարադրվի նախագծում: «Նախադեպ չի եղել, թողել ենք, որ դեպքը հանձնաժողովը ներկայացնի` եղել է, թե ոչ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նախ վեճ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ: Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:

Դրանից հետո վեճը շարունակվել է ԱԺ միջանցքում, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Գեղամյանը հերքել է, թե հարվածէլ է Փաշինյանին՝ նշելով. «Եթե ես բռունցքներով հարվածեի որեւէ մեկին, նրան կտեղափոխեին հիվանդանոց»: Ավելի ուշ նա ընդունել էր, որ եղել է միջադեպ: «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Խմբակցությունը նշել էր, որ կարող է պահանջել նաև Գեղամյանին մանդատից զրկելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news