News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե պետք է ԱԺ գալ դուբինկեքով, մենք կգանք, մեր պրոբլեմ չունենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում, «Ելք» խմբակցության պահանջով էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ խնդիրը վերաբերում է հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:

«Շատ զարմանալի քննարկում է ընթանում հենց առաջին պահից: Պարոն Թովմասյանը բազմաթիվ օրենքներ է բերել ԱԺ, որտեղ նույնությամբ եղել են Սահմանադրության դրույթներից մեջբերում, հիմա հարց է տալիս, թե ինչու ենք նախագծում այսպես գրել, ինչո՞ւ է այս տառը կանաչ, պետք է շագանակագույն լիներ: Կամ ասում է՝ միջադեպը չեք նկարագրել, բայց միջադեպը կոնրկրետ նկարագրված է: Կամ վերնագրի հետ կապված. կա պնդում, որ տեղի է ունեցել կոնկրետ դեպք, իսկ Թովմասյանն ասում է, եկեք այս պնդումը չքննարկենք, ընդհանրապես քննարկենք, թե աշխարհում ինչ կա-չկա»,-ասաց Փաշինյանը:

Նա հեգնանքով եւ նմանակելով իշխանության ներկայացուցիչներին, ասաց. «Այ տեսեք, մենք մտահոգված ենք միջադեպերով, պատգամավորի էթիկայի կանոնները պետք է պահպանվեն: Բա ՀՀԿ-ն եթե տենց մտահոգված էր, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, նախագիծ բերեիք, որ եղել է նման միջադեպ, եկեք կանխենք: Ասում են՝ ի՞նչ ապացույց կա: Հանձնաժողովը ստեղծվում է, որ քննարկի ապացույց կա, թե ոչ:

Եթե պետք է ԱԺ գալ դուբինկեքով, մենք կգանք, մեր պրոբլեմ չունենք: Եթե այս միջադեպը կոնկրետ գնահատականի չարժանանա, ես երաշխավորում եմ, որ այդ բաները միջանցքներում տեսնելու եք՝ անկախ նրանից՝ ապացուցողական բազա լինելու է, թե չի լինելու:

Եթե մեր նախագիծը ձեզ դուր չի գալիս, դուք ձերը բերեք, դուք էլ վերնագիր դրեք՝ «Նիկոլ Փաշինյանի կողմից իր կոշիկները Արտաշես Գեղամյանի հագուստով մաքրելու վերաբերյալ»:

Կամ ասում են՝ հանձնաժողովում 10 հոգի ընդգրկելը որքանով է ճիշտ: Իբր հեսա ՀՀԿ-ականների ձայները կիսվելու են եւ մեկ հոգին մեծ նշանակություն է ունենալու: Սա է մեր նախագիծը կամ ընդունեք, կամ մի ընդունեք: կուզենք անուն կտանք, կուզենք՝ չենք տա ու կտանք ամենակոպիտ ձեւով, եթե ուզենանք»,-ընդգծեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նախ վեճ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ: Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:

Դրանից հետո վեճը շարունակվել է ԱԺ միջանցքում, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Գեղամյանը հերքել է, թե հարվածէլ է Փաշինյանին՝ նշելով. «Եթե ես բռունցքներով հարվածեի որեւէ մեկին, նրան կտեղափոխեին հիվանդանոց»: Ավելի ուշ նա ընդունել էր, որ եղել է միջադեպ: «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Խմբակցությունը նշել էր, որ կարող է պահանջել նաև Գեղամյանին մանդատից զրկելու հարցը:

Տպել
Ամենաշատ