News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Վեոլիա ջուր» ընկերությունը պնդում է, թե ինքը բոլորովին կապ չունի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում ստեղծված վիճակի հետ։

NEWS.am–ի խմբագրություն էր զանգահարել այդ ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը եւ կտրուկ պահանջում էր հերքում տեղադրել նախորդ հրապարակումների հետ կապված, որոնցում ասվում էր, որ ընկերությունը բացարձակապես կապ չունի հաշվիչները փոխելու եւ լրացուցիչ ջրատարների անցկացման աշխատանքների հետ։

«Դուք «Վեոլիա Ջուր» ընկերության անունը հիշատակել եք հոդվածում։ Ուզում եմ իմանալ, թե ինչ կապ ունի «Վեոլիան» դրա հետ»,– հետաքրքրվեց Սարգսյանը՝ պնդելով, որ այդ աշխատանքների հետ կապ ունի բացառապես Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակը։ Այդ առումով «Վեոլիան» ոչ մի կապ չունի այդ աշխատանքների հետ։ Մուրադ Սարգսյանը ամբողջական հերքում պահանջեց։ Ցավոք սրտի, այդ պաշտոնյայի պահանջը լիովին կատարելը հնարավոր չի թվում։

Սակայն, նախ հերթով։ Կոնկրետ փուլում ծրագիրն իրոք իրականացվում է Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։ Ծրագիրը սկսվել էր նախորդ տարի, այն ընդգրկում է ամբողջ քաղաքը եւ պլանավորվում է ավարտին հասցնել եկող տարվա վերջին։

Դժվար է պնդել, թե «Վեոլիան» ծրագրի հետ բոլորովին կապ չունի։ Ծրագրի պատվիրատուն եղել է «Երեւան ջուրը», իսկ վերջնական սպառողը լինելու է «Վեոլիան»։

Սա, սակայն, չի խանգարում պարոն Սարգսյանին փրփուրը բերանին բարձր տոնով խոսել, «դու»–ով դիմել լրագրողին եւ նրան ասելով «աղջի»՝ պնդել, որ «Վեոլիան» առհասարակ կապ չունի ծրագրի հետ։ Դիտարկմանը, որ խոսակցությունը պետք է վարել էթիկայի սահմաններում, ընկերության մամուլի քարտուղարը պատասխանեց, որ հերքում է սպասում։ «Ես հասկացա, թե որտեղ է գտնվում ձեր խմբագրությունը։ Դուք առաջին անգամ չեք տարօրինակ բաներ գրում, եւ առաջին անգամ չեն ձեզ մոտից զանգահարում։ Բայց մենք կապ չունենք ո՛չ ձեր ջրի, ո՛չ ջրի ճնշման, ո՛չ ջրաչափների տեղադրման, ո՛չ էլ ջրատարի կառուցման հետ»։

Ընդ որում, մտքի մեծ ճկունություն պետք չէ խմբագրության հասցեն ճշտելու համար, քանի որ հասցեն եւ հեռախոսահամարը կան գործակալության կայքում։

«Վեոլիայի» ներկայացուցիչների արձագանքը տարօրինակ է եւ ուշացած՝ հաշվի առնելով, որ խնդրի մասին բազմիցս գրվել է, իսկ արձագանքը ստացվում է մի քանի ամիս անց միայն։ Առավել տարօրինակ է խնդրից գլուխն ազատելու ձգտումը՝ բոլոր կողմերի համար կառուցողական լուծում  գտնելու փոխարեն։ Առավել եւս, ինչպես նշեցինք, ծրագրի պատվիրատուն «Վեոլիայի» նախորդ ընկերությունն է եղել։

Հատկանշական է, որ ի սկզբանե աշխատանքների հետ կապ ունենալուց հրաժարվել էին բոլոր շահագրգիռ կողմերը։ Իսկ լավ նորությունն այն է, որ Վերին Շենգավիթ 2-րդ եւ Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում ասֆալտ կհայտնվի հենց որ ավարտվեն մոնտաժման աշխատանքները, եւ նոր ցանցը կմիանա հիմնական ջրագծին։ Համենայն դեպս, Ծրագրերի իրականացման գրասենյակից խոստացան, որ այդպես կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ