News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ եւ բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ համանախագահների մասնակցությամբ: Այս մասին Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ունեցած ելույթի ընթացքում նշել է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստանի ԱԳ նախարարը նշել է հետեւյալը.

«Անշուշտ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենամեծ առաջնահերթություններից է: Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ժնեւում գագաթաժողով է անցկացվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ինչ վերաբերում է բուն հանդիպման արդյունքներին, ապա դրանք արտացոլված են արտգործնախարարների եւ համանախագահների համատեղ հայտարարության մեջ:

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ եւ հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:

Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ: Գագաթաժողովի վերաբերյալ այսքանը։

Ինչպես գիտեք, հայկական կողմը մշտապես հանդես է եկել եւ գալիս խաղաղ բանակցային հանգուցալուծման եւ լարվածության նվազեցման օգտին, եւ այս ամենն արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ:

Շուրջ տասնվեց ամիս ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հմուտ միջնորդությամբ հնարավոր եղավ կազմակերպել նախագահների հանդիպումը, որը ինքնին կարելի է դրական գնահատել։

Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ եւ բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ համանախագահների մասնակցությամբ: Ինչպես գիտեք, նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայատարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ:

Այս ամենով հանդերձ, ցավալի է, որ գագաթաժողովից հետո Բաքուն նորից եւ նորից փորձում է էժանագին, պարզունակ շահարկումներ անել, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ակնհայտ է, թե ինչու է Բաքուն դա անում. որովհետեւ փորձում է խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։

Առաջին՝ 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետեւանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել:

Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, որոնք միտված էին խաղաղ գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, նախկինում եւս, բազմիցս հետ է կանգնել պայմանավորվածություններից, հարցականի տակ դնելով, որ ընդհանրապես ունակ է իրականացնել դրանք։

Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն:

Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը:

Այո, Հայաստանը համոզված է, որ պետք է ինտենսիվ բանակցություններ վարել։ Խորապես համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը:

Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին, շարունակելու է ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ