News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը առաջիններից մեկն էր, որ դատապարտեց Մերձավոր Արեւելքում ահաբեկչական գործողությունները: Այս մասին Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում ունեցած ելույթի ընթացքում նշել է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա իր ելույթում, մասնավորապես նշել է.

«Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատերի ներքո՝ նախեւառաջ ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձեւերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռեւս 1987թ.-ին: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին՝ 2015թ.-ին, Եվրախորհրդարանը կրկին վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, եւ «միացավ ոգեկոչմանը՝ եվրոպական համերաշխության եւ արդարադատության ոգուն համահունչ»:

Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցին եւ դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձեւեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում եւ ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարեւորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլեւ էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում:

Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարեւորությունը եւ քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այս առումով Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա վերաբերյալ բանաձեւերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են:

Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս չարիքից: Մերձավոր Արեւելքում էթնիկ եւ կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց ահաբեկչական խմբավորումների այս գործողությունները:

Ցավոք, սիրիական արհավիրքը չի շրջանցել մեր հայրենակիցներին, ովքեր զրկանքներ են կրում սիրիացի ժողովրդի, այլ էթնիկ եւ կրոնական խմբերի հետ միասին: Սիրիական ճգնաժամը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլորակի բոլոր ծայրերում ունենալով հարյուրավոր համայնքներ, աշխարհասփյուռ հայությունը հաճախ հայտնվում է տարբեր գլոբալ մարտահրավերների կիզակետում: Հայաստանն իր միջազգային ներգրավվածության ընթացքում լիովին հաշվի է առնում տվյալ հանգամանքը, ներառյալ կանխարգելման ջանքերում, էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, փախստականների եւ միգրանտների խնդիրներին անդրադառնալիս, խաղաղապահ առաքելություններին մասնակցելիս, ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր ներդնելիս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ