News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպաններն այսօր` հոկտեմբերի 19-ին, միջնորդություն են ներկայացրել դատավոր Վաչե Մարգարյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Բարսեղյանի պաշտպանները հայտարարեցին, որ դեռեւս առաջին նիստից պարզ էր` Վաչե Մարգարյանը գտնվում է մեղադրանքի կողմում եւ օբյեկտիվորեն չի գնահատում իրենց հայտարարություններն ու միջնորդությունները: Պաշտպանները հիշեցրին առաջին նիստին արված միջնորդությունը, որ այս գործով մեղադրանքը դատարանում պետք է գլխավոր դատախազը պաշտպանի, մինչդեռ դատարանն իրենց այդ միջնորդությունը մերժեց: Պաշտպանները որպես դատավորի կողմնակալության փաստ նշեցին նաեւ դատական քննության հրապարակայնությունը չպահպանելու խնդիրը:

«Բացի դրանից, Իշխան Բարսեղյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, սակայն դրանց վերաբերյալ դատավորն ունի քամահրական վերաբերմունք եւ դժկամությամբ է նույնիսկ Շտապօգնություն կանչում դատարան: Ձեր առջև խնդիր է դրված օր առաջ ավարտել դատաքննությունն ու կայացնել մեղադրական դատավճիռ»,- նշեցին ամբաստանյալի պաշտպանները:

Պաշտպանները հայտարարեցին, որ դատավորը հենց նիստերի դահլիճում խորհրդակցում է դատախազի հետ` մինչեւ որոշումներ կայացնելը: Որպես սրա օրինակ` պաշտպանները հիշեցրին նախորդ նիստը, երբ նիստը հետաձգվեց միայն մեղադրողի միջնորդությունից հետո, մինչդեռ Իշխան Բարսեղյանն առողջական խնդիրներ ուներ եւ ավելի վաղ միջնորդել էր նիստը հետաձգել: Գործով ամբաստանյալներից փաստաբան էլզա Զաքարյանի պաշտպանները միջնորդությանը չմիացան:

«Նշված փաստարկներից միայն մեկն է մեր պաշտպանյալին վերաբերում, թե դատավորը խորհրդակցում է դատախազի հետ, մենք անձամբ նման դեպքի չենք հանդիպել»,- ասաց փաստաբանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը:

Իշխան Բարսեղյանի պաշտպանների սույն հայտարարությունը մեղադրող Կարեն Բիշարյանը որակեց «առնվազն անհիմն»:

«Դատական քննության հրապարակայնությունը խախտվելու վերաբերյալ հայտարարությունը նույնպես անհիմն է: Երբ բարձրաձայնվել է այդ խնդրի մասին, դատարանը ջանասիրություն է ցուցաբերել խնդիրը վերացնելու համար: Ինչ վերաբերում է առողջական վիճակի վերաբերյալ հայտարարությանը՝ նրանց իսկ բնորոշմամբ «քամահրական» վերաբերմունքին եւ ցուցաբերած «դժկամությանը», անընդունելի է նման գնահատականը, քանի որ հենց վատացել է Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը, դատավորը նրա համար «Շտապօգնություն» է հրավիրել»,- ասաց մեղադրողը:

Նշենք, որ միջնորդության մեջ Իշխան Բարսեղյանի պաշտպաններն անդրադարձել էին ներքին դիտում եւ արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձայնասկավառակները չուսումնասիրելու փաստին: Նրանց խոսքով, այդ ձայնասկավառակները գործով ապացույց են հանդիսանում, սակայն դատարանում չեն հետազոտվել: Կարեն Բիշարյանն իր խոսքում նշեց, որ այդ մասին նախորդ նիստում հանգամանալից խոսել է:

»Որեւէ կամայականություն չեմ դրսեւորել եւ հիմքեր էլ չունեմ նման կերպ վարվելու: Նախորդ նիստում արդեն ասել եմ՝ գործում առկա գրավոր ապացույցները հետազոտվել են»,- ասաց մեղադրողը:

Կարեն Բիշարյանը դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է:

Դատարանը, վերադառնալով, խորհրդակցական սենյակից, մերժեց միջնորդությունը:

Այսօրվա դատական նիստին պետք է ցուցմունք տային ամբաստանյալները, սակայն, Կարեն Բիշարյանը միջնորդեց նիստը հետաձգել՝ հարցաքննությանը պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 26-ին:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ