News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիներն իրենց բնորոշ ոճով ամպագոռգոռ հատարարությունների հետեւից են ընկել՝ մոռանալով դրանց բովանդակության մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը` NEWS.am- ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ՀԿ նախագահ Էսմիրա Օրուջեւայի հայտարարությունը:

«Իբրեւ թե գերեվարված 3 ամսական երեխայի եւ 104-ամյա ծերունու մասին, հիշում եմ, ադրբեջանցիները դեռ 2000-ական թվականների կեսերին էին ասում եւ եթե ուշադրություն դարձնենք այն փաստին, որ տասնամյակներ անց այդ «փաստերի» մասին լռում են միջազգային հումանիտար եւ իրավապաշտպան կազմակերպությունները, ապա դրանով էլ սահմանափակվենք: Ֆեյք: Այս բառով կարելի է բնորոշել Օրուջեւայի ամբողջ տեղեկատվական ժայթքումը: Գիտեք, շատ դժվար է գործ ունենալ ոչ ադեկվատ մարդկանց հետ, որոնց ոչ միայն ինտոնացիան, անգամ թղթի վրայի բառերը տարիների ընթացքում չեն փոխվում: Ինձ արդեն զզվեցրել է ամեն անգամ նույն սուտ հայտարարությունները հերքելը՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով կոնկրետ փաստերի, պաշտոնական եւ հեղինակավոր միջազգային կազնակերպությունների տեղեկատվությունների վրա:

Տպավորություն է ստեղծվում, որ գերեվարված երեխաների մասին սարսափելի թեման ադրբեջանցիները իրենց համար գլխավոր թեման են ընտրել այլ երկրների բնակիչների ուղեղները բորբոքելու համար: Ապատեղեկատվության տարածումը, սուտն ու ակնհայտ զրպարտությունը տարատեսակ ադրբեջանական «գործիչների» ձեռագիրն է, ավելի ճիշտ նրանց գաղափարական ներշնչողների, որոնց քիչ է հետաքրքրում բովանդակությունը, բայց ավելի շատ հուզում է ասվածի արձագանքը:

Այդ նույն Օրուջեւան 2009-ի փետրվարին հայտարարում էր 5000 անհետ կորած ադրբեջանցիների մասին: Այժմ նրա տվյալների համաձայն՝ նրանք 4000–ից էլ քիչ են: Թվերը փոխվում են, բովանդակությունը՝ ոչ: 

Կամ Օրուջեւան եւ  նրա նմանները խնդիրներ ունեն իրականությունն ընկալելու հետ կամ ակնհայտ են հայկական կողմին սեւացնելու փորձերը, որն արդեն 2-րդ տասնամյակն է՝ ակտիվ համագործակցում է շահագրգիռ միջազգային ատյանների հետ մարդասիրական խնդիրը լուծելու եւ անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։ Իսկ հարեւան երկրում միայն կառուցողական մոտեցման պատրանք են ստեղծում եւ մարդասիրական խնդրի լուծման փոխարեն՝ որոշ պետական եւ հասարակական գործիչներ զբաղված են բացառապես քաղաքական դիվիդենտներ հավաքելով՝ այդ նպատակով օգտագործելով նաեւ տարբեր միջազգային հարթակներ։

Ես կցանկանայի հատկապես տաղանդավոր գործիչներին հիշեցնել, որ միջազգային զինված հակամարտության հետեւանքով անհետ կորածների առկայությունը չի կարող նշանակել, որ նրանք հակառակ կողմից գերի են վերցվել:

Իսկ առավել եռանդուններին ուզում եմ ուղարկել այս տարվա Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի պաշտոնական հայատարությունը, որն անմիջապես արվել է ԵԽԽՎ նիստերից մեկի ժամանակ Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով պետկոմիտեի նախագահ Հուսեյնովայի համանման հայտարարությունից հետո:

Նույնքան կեղծ են նաեւ հայերի մոտ գերի ադրբեջանցիների նկատմամբ իբրեւ թե խոշտանգումների եւ ծանակման մասին լուրերը: Ի տարբերություն հակառակ կողմի՝ մենք գերիներին անմարդկային վերաբերմունք ցույց չենք տվել:

Բայց ես կարող եմ խոսել մարդու իրավունքների մի շարք խախտումներից, որոնք դիտավորությամբ կատարվել են հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական բանտերում:

Մենք սովոր ենք գործին ռացիոնալ մոտենալ եւ փաստերով խոսել, այլ ոչ թե դատարկ մեղադրանքներ նետել: Այնպես որ, ինչպես եւ նախկինում, խորհուրդ եմ տալիս հակառակ կողմին դիմել համապատասխան միջազգային մարմիններին, եթե նրանք ունեն բավարար ապացույցներ, իսկ մինչ այդ թող դադարեցնեն բոլոր զրպարտությունները»,-ասել է աշխատանքային խմբի ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ