News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել: Հոկտեմբերի 19-ին հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998 թվականին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերել է մայրաքաղաքի ճանապարհների խցանումներին: Աշխատանքային օրերին առաջացող խցանումների հարցն ուսումնասիրելու համար Կարեն Կարապետյանը երկամսյա ժամկետ է սահմանել: Առաջարկել է հաշվի առնել ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթեւեկության վերակազմակերպման, այլընտրանքային երթուղիներ կազմելու հնարավորությունը:

Արդարադատության նախարարությունը Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել. փորձելու են թեթեւացնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու համալրել վերաքննիչի դատավորների կազմը: Կառավարությունը կշարունակի նաեւ աջակցել բարձր առաջադիմություն ունեցող եւ ապրիլյան պատերազմի մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին: Կրթության նախարարն առաջարկել է Երիտասարդական հիմնադրամին գումար հատկացնել:

«Սասնա ծռերի» 10 անդամի եւ Կարո Եղնուկյանի գործով այսօրվա դատական նիստը սկսվել եւ կարճ ժամանակ անց հետաձգվել է: Ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար շտապօգնություն են կանչել: Պարզվել է, որ Գիչյանին սրտի ստենտավորում են արել, բայց երկար ժամանակ նա անհրաժեշտ դեղորայք չի ստացել: Ամբաստանյալին հիվանդանոց են տեղափոխել, հնարավոր է՝ նա վիրահատվի: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ հետաձգել է նիստը: Հաջորդը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Նշենք, որ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի երկու գործերից առանձնացված եւ մեկ գործում միացված մասը: Գործի մյուս երկու մասերը քննելու են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Մոսկվայում հայր ու որդի՝ ազգությամբ հայ, անօրինական ուղեւորափոխադրում են իրականացրել եւ ձերբակալվել: Ձերբակալության պատճառը, սակայն, տաքսի ծառայություն մատուցելը չէ: 29-ամյա Վահագն Կարապետյանին կասկածում են շուրջ 100 ուղեւորի թունավորելու մեջ: Նրա զոհերի թվում է եղել նաեւ Ռուսաստանում հայտնի հաղորդավար Արթուր Բիտովը: Իրավապահների տվյալներով՝ տաքսիստն ուղեւորներին թունավորված ջուր է առաջարկել եւ գողացել նրանց արժեքավոր իրերը: Ուղեւորներից մեկը մահացել է: Տաքսիստի բնակարանում ավելի քան 100 ժամացույց է հայտնաբերվել: Վահագն Կարապետյանը 1.5 ամսով կալանավորվել է: Իսկ այսօր ձերբակալվել է նաեւ նրա հայրը: Կարապետյան ավագին նույնպես կասկածում են ուղեւորներին կողոպտելու մեջ։ Նրա բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկաններն առգրավել են 20 բջջային հեռախոս, ավելի քան 190 հոգեմետ դեղահաբ, 98 ձեռքի ժամացույց:

Իսպանիան հայտարարել է Կատալոնիայի ինքնավարությունը կասեցնելու որոշման մասին: Երկրի կառավարությունը պատրաստվում է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը: Այն թույլ կտա Կատալոնիային զրկել ինքնավարությունից եւ ստանձնել շրջանի կառավարումը: Վարչապետ Մարիանո Ռախոյը հոկտեմբերի 20-ին կառավարության նիստ է հրավիրել: Կատալոնիայի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանն անկախություն կհռչակի, եթե Իսպանիան ինքնավարության կասեցման գործընթաց սկսի: ԵԽ նախագահ Անտոնիո Տայանին էլ հայտարարել է, որ եվրոպական պետությունները չեն սատարի Կատալոնիայի անկախությունը:

Մինչ այդ, արդեն հաշվարկում են կատալոնական ճգնաժամի հետեւանքով վնասները: Կանխատեսումների համաձայն՝ 2018թ. Իսպանիայի տնտեսությունը կարող է մինչեւ 12 միլիարդ եվրոյի վնաս կրել՝ կախված այն բանից, թե որքան կտեւի ճգնաժամը: Նշենք, որ Կատալոնիան ապահովում է Իսպանիայի ՀՆԱ-ի շուրջ 20%-ը, այդ պատճառով ինքնավար շրջանում տեղի ունեցող իրադարձությունները զգալի ազդեցություն են ունենում թագավորության վրա:

Քսենյա Սոբչակը հայտարարել է 2018 թվականին Ռուսաստանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին եւ իրարանցում առաջացրել մամուլում եւ սոցցանցերում: Ռուսական «Վեդոմոստի»-ին ուղարկած նամակում հաղորդավարուհին նշել է, որ ամբողջ կյանքում ապրել եւ աշխատել է Ռուսաստանում եւ իր համար միեւնույն չէ, թե ինչպիսին կդառնա իր երկիրը: Սոբչակը նաեւ հայտարարել է, որ Ղրիմի պատկանելության հարցը պատրաստվում է լուծել համաշխարհային հանրության եւ հարեւանների հետ հավասար պայմաններով քննարկումների արդյունքում: «Դոժդ» հեռուստաալիքի եթերում Սոբչակը նաեւ պատմել է, որ վերջերս հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, երբ հոր՝ Անատոլի Սոբչակի մասին ֆիլմի համար նախագահի հետ հարցազրույց է ունեցել: Նա նշել է, որ այդ ժամանակ էլ ընդունել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին որոշումը, ինչի մասին տեղեկացրել է Պուտինին: 

Սոբչակի այս հայտարարությանն ու դրան հետեւած մեկնաբանություններին, թե նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը հաղորդավարուհին քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ, ստիպված է եղել արձագանքել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ հարցով որեւէ խորհրդակցություն Ռուսաստանի նախագահի հետ չի եղել:

Դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը, 3.5 դրամով թանկացել է նաեւ եվրոն: Հոկտեմբերի 19-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 37 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Հոկտեմբերի 20-24-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ