News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) եւ ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (US National Science Foundation-NSF) միջազգային համատեղ աշխատաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին:

Վարչապետը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ միջազգային աշխատաժողովը նախաձեռնելու համար եւ նշել, որ կառավարությունը մեծ հույսեր է կապում տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ գիտության ոլորտների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող նման կարեւոր քայլերի հետ: «Մենք կարծում ենք, որ ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք: Ոչ միայն պատրաստ ենք, այլեւ մեր ողջ ներուժով կանենք հնարավոր ամեն ինչ՝ համագործակցությունը զարգացնելու եւ առաջընթաց արձանագրելու համար», - նշել է կառավարության ղեկավարը:

NSF-FAST աշխատաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները շնորհակալություն են հայտնել Կարեն Կարապետյանին՝ համագործակցության եւ աջակցության պատրաստակամության համար ու նշել, որ Հայաստանն ունի անհրաժեշտ ներուժ՝ աշխարհում տեխնոլոգիապես առաջատար դիրք զբաղեցնելու, աճ ու զարգացում արձանագրելու համար: Նրանք գոհունակություն են հայտնել այսօր աշխատաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընթացքի եւ արդյունքների կապակցությամբ, որոնք բավական արդյունավետ են եղել՝ կապեր հաստատելու եւ ոլորտի զարգացման հնարավորությունները քննարկելու առումով: «Մենք՝ պաշտոնյաներս, թարմ որոշումներ կայացնելու, թարմ հայացքով ամեն ինչին նայելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է, որ ի դեմս FAST հիմնադրամի, այս միջավայրը մեզ համար մշտապես առաջ մղող ուժ, անկախ դիտորդ լինի: Մենք բաց ենք եւ պատրաստ մաքսիմալ արձագանքել ձեր կողմից բարձրացվող հարցադրումներին, որովհետեւ եթե այս անգամ էլ բաց թողնենք այն նոր հնարավորությունը, որը երկրներին տրվում է արագ փոփոխություններ անելու համար, կարող ենք կորցնել հնարավորությունը: Այդ իսկ պատճառով, եթե կա մի հարթակ, որտեղ գեներացվում են գաղափարները, եւ պաշտոնյաներից պետք է աջակցություն, մենք պատրաստ ենք դա անել», - անդրադառնալով FAST-ի գործունեությանը՝ ասել է կառավարության ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են տեխնոլոգիաներ-կրթություն-գիտություն կապի ապահովմանը եւ արդյունավետ շղթայի ձեւավորմանը, այդ համատեքստում Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացմանը, առկա ներուժի լիարժեք իրացմանը, Հայաստանի թվային օրակարգի իրագործմանը, տեխնոլոգիական կրթության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ պայմանների ստեղծմանը վերաբերող, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր:

Տպել
Ամենաշատ